Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի դեմ գործող պատժամիջոցները ցանկալի արդյունքը չեն տալիս, քանի որ Փհենյանը շարունակում է կապեր պահպանել Չինաստանի և Ռուսաստանի հետ։
Պաշտոնավարման տարեդարձի առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Լի Չժե Մյոնը նշել է, որ Հյուսիսային Կորեայի նկատմամբ ճնշումների քաղաքականությունը չի հասել իր նպատակներին։
«Մենք կիրառել ենք հնարավոր բոլոր պատժամիջոցները։ Սակայն հնարավոր չէ վստահ լինել՝ արդյո՞ք Չինաստանի դռները լիովին փակ են, թե ոչ։ Իսկ Ռուսաստանի դռները, միանշանակ, բաց են», — հայտարարել է նախագահը։
Նրա խոսքով՝ ներկա պայմաններում ճնշումների հետագա ուժեղացումն ի զորու չէ փոխել իրավիճակը։ «Ուստի ցանկացած ճնշում ձախողվելու է։ Պատժամիջոցներն անարդյունավետ են», — ընդգծել է Լի Չժե Մյոնը՝ գործող սահմանափակումները որակելով «լիովին անօգուտ»։
Միևնույն ժամանակ, Հարավային Կորեայի ղեկավարը վերահաստատել է Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման երկարաժամկետ նպատակի վերաբերյալ հավատարմությունը։ Նախագահը կրկին պաշտպանել է փուլային ռազմավարությունը, որի համաձայն՝ գործընթացը պետք է մեկնարկի հյուսիսկորեական միջուկային ծրագրի սառեցմամբ և ավարտվի Փհենյանի կողմից միջուկային զինանոցի լիակատար վերացմամբ։
Այս հայտարարությունը հնչել է այն բանից մեկ օր անց, երբ Կիմ Յո Ջոնգը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի միջուկային կարգավիճակը քննարկման ենթակա չէ։
Source: https://news.am/hy/news/1041932