Ուկրաինայի զինված ուժերը (ՈւԶՈւ) հունիսի 8-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ են հասցրել Նովորոսիյսկին, հայտնել են Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբից։ Հարձակման թիրախում է հայտնվել նավթի վերաբեռնման համալիրը, որի տարածքում հրդեհ է բռնկվել։ «Տուժածներ չկան։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 130 մարդ և 39 միավոր տեխնիկա»,- նշել են օպերատիվ շտաբից։ Ինչպես պարզել է «Astra»-ն, հարվածը հասցվել է Ռուսաստանի հարավային խոշոր «Շեսխարիս» վերաբեռնման համալիրի պահեստային տարածքին։ Սա «Տրանսնեֆտ»-ի՝ Կրասնոդարի երկրամասում գտնվող մայրուղային նավթամուղների վերջնակետն է։ Օբյեկտն ապահովում է նավթի ու նավթամթերքի ընդունումը, պահպանումն ու լցանավերում արտահանման բեռնումը։ Մինչ այս, «Շեսխարիսը» հարձակման էր ենթարկվել մայիսին, ապրիլին և մարտի սկզբին։ Մայիսին հասցված հարվածը նույնպես տեղի էր ունեցել պահեստարանների տարածքի ուղղությամբ։
Անցած գիշեր ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են նաև Վոլգոգրադի մարզը։ «Ժիրնովսկի շրջանում գծային արտադրական-դիսպետչերական կայանի (ԳԱԴԿ) տարածքում բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել, որն օպերատիվորեն մարվել է։ Տուժածներ չկան»,- հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Անդրեյ Բոչարովը։ Ինչպես հստակեցնում է «Astra»-ն, խոսքը Վոլգոգրադի շրջանային նավթամուղների վարչության «Կրասնի Յար» գծային արտադրական-դիսպետչերական կայանի մասին է։ Այս կայանը տարեկան մինչև 62,6 միլիոն տոննա նավթ է մղում Նովորոսիյսկի նավահանգիստ։
ՌԴ պաշտպանության նախարարության ամփոփագրի համաձայն՝ գիշերը Ռուսաստանի տարածքում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հերթապահ միջոցներով «խոցվել է» ուկրաինական ինքնաթիռային տիպի 310 անօդաչու թռչող սարք։ Մասնավորապես, դրոններ են նկատվել Բելգորոդի, Բրյանսկի, Ռոստովի, Վոլգոգրադի, Սարատովի, Տուլայի, Ռյազանի և Մոսկվայի մարզերում, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասում։ Բացի այդ, անօդաչուներ են խոցվել բռնակցված Ղրիմի տարածքում և Սև ու Ազովի ծովերի ջրատարածքներում։
ՈւԶՈւ-ն վերջին ամսում ուժգնացրել է ռուսական նավթային ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածները։ Մայիսին ուկրաինական բանակը 28 հարված է հասցնել դրանց, որոնցից 15-ը բաժին է ընկել նավթավերամշակման գործարաններին, յոթը՝ նավթամուղներին, իսկ վեցը՝ նավահանգիստներին, հաշվարկել է «Bloomberg»-ը։ Հարձակումների ընդհանուր թիվը գերազանցել է նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր 2025 թվականի դեկտեմբերին, երբ հարվածի տակ էր հայտնվել նավթային 26 օբյեկտ։
Source: https://news.am/hy/news/1041962