ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ստացել է ՀԱԷԿ-ը նոր, առաջադեմ ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) տեխնոլոգիաներով փոխարինելու վերաբերյալ ամերիկյան «Սարջենթ և Լունդի» (Sargent & Lundy) ընկերության կատարած նախնական տեխնիկատնտեսական գնահատման ամբողջական փաթեթը:

Այս մասին կառավարությանն ուղղված NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը:

«Ներկայում Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է տարբեր երկրների առաջարկները, այդ թվում՝ նշված ամերիկյան ծագման չորս տեսակի փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաները: Այս փուլում որևէ տեխնոլոգիայի վերաբերյալ վերջնական դիրքորոշում չի ձևավորվել, և համապատասխան որոշումների ընդունման կամ դիրքորոշման ներկայացման ժամկետներ սահմանված չեն: Տեխնոլոգիաների գնահատման և քննարկման գործընթացը շարունակվում է»,- ասված է նախարարության պատասխանում:

Հիշեցնենք, որ մայիսի 19-ից 22-ը Հայաստանում էին ամերիյան «Սարջենթ և Լունդի» ընկերության փորձագետները՝ «ապահովելու տեխնիկական խորհրդատվություն փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիայի վերաբերյալ»:

ԱՄՆ դեսպանության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «Սարջենթ և Լունդի» ընկերության փորձագետները, համագործակցելով ՀՀ պաշտոնյաների հետ, ավարտին են հասցրել ՀԱԷԿ-ը նոր, առաջադեմ ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաներով փոխարինելու կենսունակության վերաբերյալ նախնական տեխնիկատնտեսական գնահատումը: Զեկույցում հիմնավորվել է, որ Հայաստանի համար նպատակահարմար է դիտարկել ամերիկյան 4 տեսակի փոքր մոդուլային ռեակտորներ:

Նշենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրով նախատեսվում է մինչև 2027 թվականի ավարտը հստակեցնել և իրականացնել նոր միջուկային էներգաբլոկի տեխնոլոգիայի վերջնական ընտրությունը։

Միևնույն ժամանակ, ծրագրի 75-րդ կետով նախատեսվում է ՀԱԷԿ գործող 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացում՝ 2026-2036 թվականների համար, ինչը նշանակում է, որ Հայաստանը դեռևս շարունակելու է օգտվել ռուսական ատոմային տեխնոլոգիաներից։

Հարկ է նշել, որ Հայկական ատոմային էլեկտրակայանն ունի ռազմավարական նշանակություն երկրի համար՝ ապահովելով Հայաստանում արտադրվող ընդհանուր էլեկտրաէներգիայի մոտ 30 տոկոսը և հանդիսանալով էներգետիկ համակարգի գլխավոր հենասյուներից մեկը։

Source: https://news.am/hy/news/1041110