Հայաստանցիները քվեարկել են ընտրություններում, որոնցով կարող է որոշվել՝ արդյո՞ք երկիրը կշարունակի շարժվել դեպի Արևմուտք, թե կվերադառնա իր ավանդական դաշնակցին՝ Ռուսաստանին, գրում է BBC News-ը։
«Հարավային Կովկասի փոքր երկիրը՝ մոտ երեք միլիոն բնակչությամբ, բախվում է Մոսկվայի կողմից աճող տնտեսական ճնշմանը, մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձգտում է վերընտրվել՝ առաջ մղելով եվրոպական ինտեգրման ուղեգիծը», - ասվում է հոդվածում։
Ընդգծվում է, որ կիրակի օրը կայացած ընտրությունները զգալի միջազգային ուշադրություն են հրավիրել Հայաստանի վրա, որը աստիճանաբար մոտենում է Արևմուտքին՝ միաժամանակ մնալով սերտորեն կապված Ռուսաստանի հետ՝ իր խոշորագույն առևտրային գործընկերոջ։ Արևմուտքի հետ մերձեցումը մեծապես դարձել է հենց Փաշինյանի քաղաքականության արդյունքը, նշում է BBC News-ը։
2018 թվականին իշխանության գալուց ի վեր նա հետևողականորեն հեռացրել է երկիրը Մոսկվայից, նախաձեռնել է ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենք և արագացրել է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունները՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Վերջինը նրան բերել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը։
Այս տարի Փաշինյանը նաև Երևանում ընդունել է ԵՄ առաջնորդների խոշոր գագաթնաժողովը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Չնայած այս ձեռքբերումներին՝ Փաշինյանի աջակցությունը երկրի ներսում նվազել է 2021 թվականի 54%-ից մինչև այսօր մոտ 30%։ Վարկանիշի անկման գլխավոր պատճառը դարձել է Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանի ներսում գտնվող լեռնային անկլավը, որտեղ մինչև 2023 թվականը ապրում էր մոտ 100,000 էթնիկ հայ, մինչև Ադրբեջանը ռազմական ճանապարհով դրա նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատեց։
Փաշինյանի քննադատները մինչև այժմ չեն ներել նրան Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորման գործընթացում արված զիջումները, ներառյալ՝ հրաժարումը հասնելու Ղարաբաղի նախկին առաջնորդների ազատ արձակմանը, որոնք բանտարկված են հարևան երկրում։ Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնագիրը շարունակում է չափազանց վիճահարույց մնալ հասարակության ներսում. վերջին հարցումների համաձայն, այն աջակցում է քաղաքացիների մոտ 44%-ը, մինչդեռ 41%-ը դեմ է արտահայտվում, ընդգծվում է հոդվածում։
Փաշինյանի հիմնական ընդդիմախոսներն են մի քանի քաղաքական ուժեր և դաշինքներ։ Առանցքայիններից մեկը «Հայաստան» դաշինքն է՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ։ Մյուս նախկին նախագահի՝ Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը թեկնածուներ չի առաջադրում, սակայն կողմնակիցներին կոչ է անում քվեարկել գործող իշխանության դեմ։ «Երկու նախկին նախագահներն էլ կարծում են, որ Ռուսաստանի հետ սերտ ռազմաքաղաքական և տնտեսական կապերի վերականգնումը Հայաստանի անվտանգության ապահովման միակ ճանապարհն է։
Փաշինյանի գլխավոր մրցակիցներից է համարվում նաև Ռուսաստանում հարստացած միլիարդատեր Սամվել Կարապետյանը։ Նա տնային կալանքի տակ է՝ պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով և քարոզարշավը վարում է իր եղբորորդու միջոցով։ Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցման համաձայն՝ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առաջատար է՝ մոտ 32% աջակցությամբ, մինչդեռ ընտրողների մոտ 40%-ը հայտարարում է, որ չի վստահում ոչ մի քաղաքական առաջնորդի։
Միևնույն ժամանակ, եթե ընդդիմադիր ուժերը գործեին համատեղ, նրանք կարող էին համեմատելի արդյունք գրանցել Փաշինյանի հետ, սակայն նրանց մասնատվածությունը գործող վարչապետի հաղթանակն ավելի հավանական է դարձնում», - նշվում է հրապարակման մեջ։
Source: https://news.am/hy/news/1041824