Գերմանիան չի ծրագրում ինքնուրույն պատժամիջոցներ ներդնել Իսրայելի դեմ և մտադիր է իսրայելցի վերաբնակիչների նկատմամբ ցանկացած հնարավոր սահմանափակում համակարգել Եվրոպական միության մակարդակով։ Դրա մասին հայտարարել է ԳՖՀ արտգործնախարար Յոհանն Վադեֆուլը։

Նրա խոսքով՝ նմանատիպ հարցերում Գերմանիայի պատժամիջոցային քաղաքականությունն արդեն իսկ իրականացվում է համաեվրոպական որոշումների շրջանակում։ Նա հիշեցրել է, որ առանձին բնակեցման կազմակերպությունների դեմ սահմանափակումներ նախկինում ևս ներդրվել են, և այդ գործելակերպը նոր չէ։

Վադեֆուլը նշել է, որ հնարավոր նոր միջոցների քննարկումը դեռևս որոշակի չէ, սակայն նման նախաձեռնության հայտնվելու դեպքում այն կդիտարկվի ԵՄ գործընկերների հետ համատեղ։

ԳՖՀ արտգործնախարարն ընդգծել է նաև, որ Գերմանիան հանդես է գալիս միջազգային իրավունքի պահպանման օգտին և քննադատում է Իսրայելի բնակեցման քաղաքականության ընդլայնումը, ներառյալ այն նախագծերը, որոնք, Բեռլինի կարծիքով, կարող են հակասել Օսլոյի համաձայնագրերին։

Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ այս պահին գերմանական կառավարությունը ելնում է այն կանխավարկածից, որ Իսրայելի վրա Գերմանիայի դիվանագիտական ազդեցությունը մնում է արդյունավետ, և լրացուցիչ միջոցներ չեն պահանջվում։

Source: https://news.am/hy/news/1042578