Ինչ խախտումների մասին են ահազանգում դիտորդական առաքելությունները՝ քվեարկությունից 4 ժամ անց.
Խորհրդարանական ընտրությունների քվեարկությունից չորս ժամ անց դիտորդական առաքելություններն արձանագրել են բազմաթիվ խախտումներ տարբեր ընտրատեղամասերում։
«Արդար Քվե» դիտորդական առաքելությունն արձանագրել է, որ Լոռու մարզի Գյուլագարակ բնակավայրի 22/32 ընտրատեղամասում արձանագրվել են դիտորդի գործունեությանը խոչընդոտող գործողություններ և ճնշման դրսևորումներ։ Մասնավորապես, ընտրատեղամասում գտնվող կուսակցություններից մեկի վստահված անձը, ըստ դիտորդի, ուղղորդել է ընտրողներին։ Դիտորդի կողմից խնդրի բարձրաձայնումից հետո վստահված անձը փորձել է ճնշում գործադրել դիտորդի նկատմամբ և հայտարարել, որ կհասնի նրա հեռացմանը ընտրատեղամասից։
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից իրավիճակը կարգավորելու համար բավարար միջոցներ չեն ձեռնարկվել։ Խնդիրը չի կարգավորվել նաև հանձնաժողովի անդամների միջամտությունից հետո, ինչից հետո վստահված անձը սկսել է բարձրաձայն վիճաբանել և բղավել տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի վրա։
«Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրվել է 5 էական միջադեպ․
7/6 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը մերժել է դիտորդի պահանջը՝ քվեարկության գաղտնիության խախտման ռիսկի վերաբերյալ գնահատականը գրանցամատյանում արձանագրելու մասին։ Ըստ դիտորդի՝ քվեախցիկի տեղադրման վայրում առկա ելումուտի պատճառով տեսանելի էր դառնում քվեախցիկում կատարվող գործընթացը։
8/61 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը մերժել է դիտորդի պահանջը՝ քվեարկության սենյակի կահավորման խնդիրն արձանագրելու վերաբերյալ։ Դիտորդի գնահատմամբ՝ քվեախցիկների ետնամասում գտնվող սանհանգույցների պատճառով այդ հատվածում տեղի ունեցող անցուդարձը կարող էր խախտել քվեարկության գաղտնիությունը։
8/38 ընտրատեղամասում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի ուշացման պատճառով տեղամասային կենտրոնը մինչև 07։18 չի բացվել, և այդ ընթացքում որևէ անձի մուտքը տեղամասային կենտրոն չի թույլատրվել։
14/6 ընտրատեղամասում արձանագրվել է քվեարկության գաղտնիության խախտման ռիսկ․ քվեախցիկների ետևում առկա վարագույրը ցանկացած պահի կարող էր բացվել։ Դիտորդի առաջարկից հետո անհրաժեշտ գործողություններ չեն ձեռնարկվել, իսկ գնահատականը գրանցվել է ՏԸՀ գրանցամատյանում։
4/54 ընտրատեղամասում արձանագրվել է չհրկիզվող պահարանի հետ կապված խնդիր․ այն բացված է եղել դեռևս 06։55-ի դրությամբ՝ նախապատրաստական աշխատանքների մեկնարկից առաջ։
Source: https://news.am/hy/news/1041595