Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզն աջակցում է Լիբանանում հրադադարի հաստատմանը, որը ձեռք է բերվել Վաշինգտոնում հայտարարված պայմանավորվածությունների շրջանակում, գրում է Le Monde-ը։

«Մենք աջակցում ենք Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարին և այն ամենին, ինչը նպաստում է խաղաղության վերականգնմանը, ահաբեկչական գործունեության դեմ պայքարին և Լիբանանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության լիակատար հաստատմանը», - ասել է Մակրոնը Չեռնոգորիա կատարած այցի ընթացքում։

Նա հավելել է, որ Ֆրանսիան պատրաստ է շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ ԱՄՆ-ի հետ համատեղ՝ գոյություն ունեցող համակարգման մեխանիզմի շրջանակում։

«Ֆրանսիան, ինչպես միշտ, պատրաստ է առաջ շարժվել այս ճանապարհով։ Ստեղծվել է համակարգման մեխանիզմ, որում Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան աշխատում են միասին։ Եթե հրադադարն իսկապես գործում է, ապա այդ մեխանիզմը պետք է ակտիվացվի, որպեսզի կարողանանք հետևել և ստուգել դրա կատարումը»,- հայտարարել է նա։

Մակրոնը նշել է նաև, որ կայուն զինադադարի դեպքում անհրաժեշտ է սահմանել միջոցներ՝ Լիբանանի ինքնիշխանության վերականգնման և պետությանը ուժի կիրառման մենաշնորհի վերադարձման ուղղությամբ։

«Եթե հրադադարը կայուն լինի, մենք պետք է սահմանենք Լիբանանի ինքնիշխանության վերականգնման և լիբանանյան բանակին զենքի կիրառման մենաշնորհին վերադարձնելու ուղիներն ու միջոցները»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Source: https://news.am/hy/news/1040972