Մայիսի 4-ին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման հետ կապված ծառայությունների ձեռքբերման նպատակով Վարչապետի աշխատակազմը դեռևս այս տարվա հունվարի 19-ին 1,656,295,200 դրամի պայմանագիր է կնքել Ռուդիկ Տեր-Գալստյանին պատկանող «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերության հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ուսումնասիրելով գնումների պաշտոնական տեղեկագրում հրապարակված պայմանագիրը:

Պայմանագրով նախատեսված ծառայությունների մեջ, սակայն, եվրոպացի բարձրաստիճան հյուրերի կեցության հետ կապված ծախսերը ներառված չեն: Ցանկում ներկայացված են բացառապես միջոցառման կազմակերպչական, տեխնիկական և լոգիստիկ աշխատանքները, որոնք կապված են Մարզահամերգային համալիրի վարձակալության, «Զվարթնոց» օդանավակայանում հյուրերի դիմավորման և ճանապարհման, «Դվին» ռեստորանում պաշտոնական ընթրիքի և ճաշի կազմակերպման, գովազդային պաստառների տեղադրման, տպագրության, հուշանվերների պատրաստման և այլ ծախսերի հետ:

Նշենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 29-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ կառավարությունը շուրջ 1 մլրդ դրամ է նախատեսել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը հյուրընկալելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինեն տրամադրել նաև լրացուցիչ միջոցներ: Սակայն կառավարության մեր աղբյուրների պնդմամբ՝ կազմակերպչական և կեցության ծախսերի մասով հատկացված բյուջեն նախատեսվածից գրեթե կրկնակի ավելի է եղել:

Հիշյալ հանգամանքը հաշվի առնելով՝ NEWS.am-ը դեռևս մայիսի 12-ին գրավոր հարցմամբ դիմել էր Վարչապետի աշխատակազմին՝ պարզելու, թե որքա՞ն գումար է ծախսել կառավարությունը նշված միջոցառման կազմակերպման համար, և արդյո՞ք առաջացել է նախապես պլանավորված 1 մլրդ դրամից ավելի լրացուցիչ միջոցներ հատկացնելու անհրաժեշտություն։ Ինչպես նաև փորձել էինք պարզել, թե որքա՞ն գումար է հատկացվել եվրոպացի բարձրաստիճան հյուրերի և նրանց ուղեկցող պատվիրակությունների կեցության (հյուրանոցային և հարակից ծառայություններ) ծախսերը հոգալու համար:

Ի պատասխան՝ Վարչապետի աշխատակազմը հղում է կատարել վերը նշված գնման պայմանագրին՝ հավելելով, որ դրա վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է գնումների պաշտոնական տեղեկագրում:

Նշենք, որ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականին Ռուդիկ Տեր-Գալստյանի և Վազգեն Պողոսյանի կողմից, իսկ 2021 թվականից ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Ռուդիկ Տեր-Գալստյանին: 2018 թվականի իշխանափոխությունից մինչ օրս ընկերությունը կառավարությունից միլիարդավոր դրամների պատվերներ է ստացել՝ հաճախ առանց մրցույթի՝ «մեկ անձից գնման» ընթացակարգով։ Ընկերության ծառայություններից օգտվել են ՀՀ վարչապետի աշխատակազմը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանը, մարզպետարաններն ու պետական այլ գերատեսչություններ: Միայն 2024 թվականին ընկերությունը 1 մլրդ դրամից ավելի պետական գնումների պատվերներ է ստացել տարբեր գերատեսչություններից:

Ընկերության սեփականատեր Ռուդիկ Տեր-Գալստյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով՝ «Երևան քաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար»:

Նշենք, որ այս տարվա ապրիլին կառավարության պահուստային ֆոնդից էլ արտաքին գործերի նախարարությանը 40 մլն դրամ էր հատկացվել՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման գործընթացի շրջանակներում հեռահաղորդակցության միջոցների ու անհրաժեշտ այլ սարքավորումների ձեռքբերման համար:

Ինչ վերաբերում է եվրոպացի բարձրաստիճան հյուրերի և նրանց ուղեկցող պատվիրակությունների կեցության ծախսերին, ապա այդ տեղեկատվությունը պաշտոնապես չի տրամադրվում՝ պետական գաղտնիք լինելու հիմնավորմամբ։

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Վարչապետի արարողակարգային միջոցառումների կազմակերպման շրջանակներում ձեռքբերվող ապրանքները, աշխատանքները և ծառայությունները, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, ներառվում են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում, ուստի վերոգրյալ գնման առարկաների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»,- նշված է NEWS.am-ին ուղղված պատասխանում:

Նշենք, որ պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում բարձրաստիճան պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման հետ կապված ծառայությունները ներառվել են դեռևս 2016 թվականի դեկտեմբերին կատարված օրենսդրական փոփոխություններով։

Փաստորեն, արարողակարգային ծախսերը հանրությունից քողարկելու հարցում գործող իշխանությունն օգտվում է հենց Սերժ Սարգսյանի օրոք ներդրված իրավական գործիքակազմից, թեև ժամանակին սուր քննադատության էր ենթարկում նախորդ համակարգին՝ ոչ թափանցիկ գործունեության և պետական միջոցների վատնման համար։

Source: https://news.am/hy/news/1042828