Եվրամիության երկրները Միջերկրական ծովում գտնվող ռազմական նավերին թույլատրել են կանգնեցնել և խուզարկել այն օտարերկրյա նավերը, որոնք ԵՄ-ում համարվում են ռուսական «ստվերային նավատորմի» մաս։ Այս մասին Կիպրոսում Եվրամիության պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
«Մեր IRINI գործողությունը փոխել է ուժի կիրառման կանոնները և այժմ թույլ է տալիս նավերի կանգնեցումն ու խուզարկությունը»,- ասել է Կալասը։ Նրա խոսքով՝ «ստվերային նավատորմի» վերաբերյալ որոշումները կապված են ոչ միայն պատժամիջոցների հարցի, այլև նավագնացության անվտանգության հետ։ Կալասը նշել է, որ Եվրամիությունը ձգտում է սահմանափակել Ռուսաստանի եկամուտները, քանի որ դրանք կարող են օգտագործվել Ուկրաինայի դեմ մղվող պատերազմի ֆինանսավորման համար։
IRINI ռազմածովային գործողությունը Միջերկրական ծովում գործում է 2020 թվականի մարտից։ Այն ստեղծվել է Լիբիա զենքի մատակարարման ՄԱԿ-ի էմբարգոյի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար։ Բացի այդ, առաքելությունը զբաղվում է Լիբիայից նավթի ապօրինի արտահանման մոնիթորինգով, մարդկանց մաքսանենգության դեմ պայքարով և լիբիական առափնյա պահպանության պատրաստմամբ։ Գործողության շտաբ-բնակարանը գտնվում է Հռոմում։ 2020 թվականի սեպտեմբերին դրան մասնակցում էր ԵՄ 21 պետություն, որոնք տրամադրել էին երեք նավ, հինգ ինքնաթիռ և շուրջ 600 զինվորական։
Որոշումն ընդունվել է Եվրամիության պատժամիջոցների քաղաքականության խստացման ֆոնին։ 2026 թվականի գարնանը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը, որը ներառում է ռուսական նավթ տեղափոխող տանկերների համար սահմանափակումները և դրա փոխադրման հետ կապված մի շարք ծառայությունների արգելքները։
Source: https://news.am/hy/news/1042027