Վրաց–ռուսական սահմանի Լարսի անցակետի մոտից բեռնատարները մեծ հոսքով Հայաստան են վերադառնում՝ չկարողանալով գյուղմթերքն արտահանել Ռուսաստանի Դաշնություն։

Բեռնատարի վարորդներից մեկը, որը երեկ գիշեր է վերադարձել՝ ելակով բեռնված, NEWS.am–ի հետ զրույցում պատմել է, որ տասնյակ բեռնատարներ ստիպված վերադառնում են՝ այն բանից հետո, երբ սահմանին նրանց են մոտենում ռուսական կողմի ներկայացուցիչները եւ տեղեկացնում սահմանափակումների մասին։

«Ելակ, պոմիդոր, պղպեղ, կանաչի։ Երկու–երեք հոգով էինք հետ գալիս, բայց մեզնից առաջ էլ լիքը բեռնատարների ելակով բեռնված չեն թողել անցնել»,– նշեց վարորդը, որը նախընտրեց մնալ անանուն։

Ռուսաստանի Դաշնությունը ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից ելակի, լոլիկի, պղպեղի, վարունգի, կանաչեղենի, ծաղիկների, իսկ այսօրվանից նաեւ կորիզավոր մրգերի, խաղողի, ձկամթերքի մուտքը երկիր։ ՌԴ Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, որ դրանք անվտանգային խնդիրներ ունեն, արտադրանքը չի համապատասխանում ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի բուսասանիտարական պահանջներին։ «Ռոսսելխոզնադզոր»-ը նշել է, թե հայկական մրգերի Ռուսաստան մատակարարման ընթացքում խախտումների դեպքերն աճել են, ինչը վկայում է ՀՀ–ում Գյուղատնտեսության նախարարության լուծարման հետևանքների մասին։

«Կարելի է ենթադրել, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը կառուցվածքային խնդիրներ ունի և չի կարողանում կատարել Գյուղատնտեսության նախարարության լուծարումից հետո իրեն վերապահված պարտականությունները», - իր հաղորդագրությունում նշել էր «Ռոսսելխոզնադզոր»-ը:

Կիրառված սահմանափակումը գործում է նաեւ ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման նկատմամբ։ Դրանք, ըստ «Ռոսսելխոզնադզոր»-ի՝ կկիրառվեն այնքան ժամանակ, քանի դեռ առաքվող ապրանքների անվտանգությունն ապահովելու համար համապատասխան ալգորիթմ չի մշակվել։

Ռուսաստանում արդեն գիտեն, թե ինչով են փոխարեինելու հայկական արտադրանքը։ «Ռուսպրոդսոյուզ» միավորման վարչության փոխնախագահ Դմիտրի Լեոնովը հայտարարել է, որ հայկական խաղողի մատակարարումները կարող են փոխարինվել Թուրքիայից, Ուզբեկստանից, Եգիպտոսից, Հնդկաստանից և Չինաստանից, մատակարաումներով, բալինը՝ Սերբիայից և Մոլդովայից, նեկտարինինը՝ Թուրքիայից, Ուզբեկստանից, Եգիպտոսից, Հնդկաստանից և Չինաստանից, դեղձինը՝ Թուրքիայից, Ադրբեջանից, Ուզբեկստանից և Վրաստանից։

Հայաստանի սննդի անվտանգության տեսչական մարմինը հաղորդում է միայն, որ ռուսական կողմի հետ սահմանափակումների մեկնարկից սկսած բանակցություններ են ընթանում։

Թե որքան վնաս են հայ արտադրողներն արդեն կրել Ռուսաստան արտահանման սահմանափակումների պատճառով՝ պարզ չէ։ Արտահանող խոշոր ընկերությունները մեկնաբանություններից խուսափում են։ Մեր տեղեկություններով՝ սահմանից վերադարձող օրինակ ելակի խմբաքանակի կեսից ավելին անպիտան է դառնում անգամ տեղական շուկայում այն իրացնելու համար։

Source: https://news.am/hy/news/1040389