Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի և Թրակիայի մարզպետ Խրիստոդուլոս Տոպսիդիսի հետ։ Այդ մասին NEWS.am–ին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջտարածաշրջանային համագործակցության, տնտեսական կապերի ընդլայնման և փոխկապակցվածության զարգացման հարցեր։ Դեսպան Մկրտչյանը կարևորել է Հայաստանի և Հունաստանի մարզերի միջև համագործակցության խորացումը՝ մասնավորապես ընդգծելով Շիրակի մարզի և Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի միջև հնարավոր գործընկերության հեռանկարները։

Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և ԹՐԻՓՓ նախագիծը՝ անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և նոր տնտեսական հնարավորությունների ձևավորման հեռանկարներին։ Քննարկվել են նաև հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ արտահանման և այդ գործընթացում հունական ենթակառուցվածքների հնարավոր դերակատարության հարցերը։

Մարզպետ Տոպսիդիսը պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Հայաստանի մարզերի հետ՝ ընդգծելով ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող միջտարածաշրջանային ծրագրերին համատեղ մասնակցության լայն հնարավորությունները։ Նա ներկայացրել է նաև մարզի ռազմավարական նշանակությունը, այդ թվում՝ Ալեքսանդրուպոլիի նավահանգստի և օդանավակայանի դերակատարությունը տարածաշրջանային փոխադրումների և լոգիստիկայի ոլորտում։

Զրուցակիցները կարևորել են նաև հայ համայնքի պատմական ներկայությունն ու ներդրումը տարածաշրջանի զարգացման գործում և պայմանավորվել շարունակել համագործակցության հնարավորությունների շուրջ աշխատանքը։

Source: https://news.am/hy/news/1042445