Կովկասի երկրների վրա ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ազդեցության մեծացումը տարածաշրջանում լարվածության նոր ու ավելի մեծ օջախ կստեղծի։ Այս մասին ԱՊՀ անդամ պետությունների հակաահաբեկչական կառույցների գլխավոր ստորաբաժանումների և ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարը համակարգող ազգային մարմինների ղեկավարների 19-րդ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։

«Կովկասյան տարածաշրջանում հակապատերազմական պոտենցիալը նախկինի պես բարձր է։ Կարծում եմ՝ Եվրամիության, ԱՄՆ-ի և Թուրքիայի ազդեցության աճը լարվածության էլ ավելի մեծ օջախ կստեղծի այս տարածաշրջանի երկրների համար», — նշել է նա։

Նրա խոսքով՝ հատկապես լարված իրավիճակ է ստեղծվել ՀԱՊԿ արևմտյան սահմաններին։ Սեմերիկովն ընդգծել է, որ այդ ուղղությունից եկող հիմնական սպառնալիքը բխում է Եվրոպայից։

Վերջին տարիներին Եվրամիությունն ակտիվորեն ընդլայնում է Կովկասում իր ներկայությունը։ Հայաստանում գործում է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը (EUMA), որի գործունեությունը խիստ քննադատության է արժանանում Մոսկվայում և Բաքվում։ ԱՄՆ-ն նույնպես համատեղ զորավարժություններ է անցկացնում Հայաստանի հետ (օրինակ՝ Eagle Partner-ը) և ֆինանսական աջակցություն է տրամադրում Երևանին (անվտանգության համակարգի դիվերսիֆիկացման նպատակով)։

Թուրքիան իր դիրքերն էապես ամրապնդել է Կովկասում Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո՝ դառնալով Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցը։ Անկարան ակտիվորեն առաջ է մղում «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, ինչը փոխում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական հավասարակշռությունը։

Այս ամենի ֆոնին Հայաստանը փաստացի սառեցրել է ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը, բաց է թողել մի շարք գագաթնաժողովներ և հայտարարել անվտանգության ոլորտում նոր գործընկերներ փնտրելու մասին։ Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում Երևանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։

Source: https://news.am/hy/news/1042490