Հայաստանի խորհրդարանական ընտրություններում երիտասարդության ակտիվ մասնակցությունը խոսում է վաղվա օրվա հանդեպ ունեցած հավատի մասին։ Այս մասին հունիսի 8-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի քարտուղարության ղեկավար-գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին՝ ամփոփելով հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության արդյունքները։

Կոբիցկին հայտնել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ից հավատարմագրված է եղել 43 դիտորդ, որոնցից 34-ն իրականացրել են կարճաժամկետ դիտորդություն. նրանք ԱՊՀ 6 երկրների խորհրդարանականներ, պատգամավորներ, սենատորներ են, ինչպես նաև քարտուղարության պաշտոնյաներ, աշխատակիցներ ու փորձագետներ։ Իրականացվել է նաև օրենսդրության երկարաժամկետ մշտադիտարկում և պատրաստվել է եզրակացություն, համաձայն որի՝ ընտրական օրենսդրությունն ընդհանուր առմամբ համապատասխանում է միջազգային ընդունված չափանիշներին։ Վեհաժողովի ներկայացուցիչներն այցելել են ավելի քան 100 ընտրատեղամաս։ Նրանք բարձր են գնահատել ընտրությունների կազմակերպչական աշխատանքները, հատկապես՝ տեխնիկական կողմը։ Դմիտրի Կոբիցկին նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) արել է հնարավոր ամեն ինչ՝ անձնակազմին պատշաճ պատրաստելու համար, և հավելել, որ երիտասարդների բարձր ակտիվությունը վկայում է գալիք օրվա հանդեպ նրանց վստահության մասին

Միևնույն ժամանակ, նա մատնանշել է հաշմանդամություն ունեցող անձանց քվեարկության հետ կապված խնդիրները. շատ ընտրատեղամասեր չեն գտնվել առաջին հարկում։ Բացի այդ, Հայաստանում բացակայում է տնից քվեարկելու հնարավորությունը նրանց համար, ովքեր առողջական վիճակի պատճառով չեն կարողանում դուրս գալ տանից, և անհասկանալի է, թե ինչպես կարող են այդ մարդիկ իրացնել իրենց ընտրական իրավունքը։

Նա բավականին ծանր է որակել նախընտրական քարոզարշավի մթնոլորտը։ «Եղել են մեծ թվով ձերբակալություններ, կալանավորումներ ու փոխադարձ վիրավորանքներ։ Ես առաջին անգամ եմ նման քարոզարշավ տեսնում Անկախ պետությունների համագործակցության երկրներում, թեև Միջխորհրդարանական վեհաժողովն ավելի քան 30 տարի՝ 1994 թվականից ի վեր, դիտարկում է մեր երկրների ընտրությունները։ Մենք միշտ ձգտում ենք լինել ոչ միայն օբյեկտիվ, այլև չեզոք մեր երկրներում տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ։ Սակայն վերջին տարիներին որևէ այլ երկրում նման ակտիվ ու լարված քարոզարշավ հաստատ չենք տեսել», - նշել է Կոբիցկին։

Նա ի սրտե շնորհավորել է հայ ժողովրդին կատարած ընտրության առթիվ և հույս հայտնել, որ այդ ընտրությունը երկրին կբերի բարօրություն, զարգացում և լավ հարաբերություններ՝ առնվազն ԱՊՀ շրջանակներում։

Source: https://news.am/hy/news/1041937