Ամերիկյան յոթ նահանգներ՝ Նյու Յորքի գլխավորությամբ, երեքշաբթի օրը հայց են ներկայացրել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ Նյու Յորքի ափերի մոտ ծովափնյա քամու էներգետիկայի խոշոր վարձակալության պայմանագիրը չեղարկելուց հետո, հայտնում է Reuters-ը։

Որոշումն, ըստ հայցի տվյալների, ընդունվել է նախագծի սեփականատիրոջ՝ հանածո վառելիքի նախագծերում ներդրումներ կատարելու պարտավորության դիմաց։

Վաշինգտոնի դաշնային դատարան ներկայացված հայցը վիճարկում է ԱՄՆ ներքին գործերի նախարարության մարտի 23-ի որոշումը՝ ֆրանսիական TotalEnergies ընկերության դուստր ձեռնարկության վարձակալությունը չեղարկելու, ինչպես նաև նրան 795 միլիոն դոլար «փոխհատուցելու» և ԱՄՆ-ում քամու ծովափնյա էներգետիկայի նոր նախագծերից հրաժարվելու ընկերության պարտավորության վերաբերյալ։

Միաժամանակ, ըստ գործի նյութերի, TotalEnergies-ը համաձայնել է գրեթե 1 միլիարդ դոլար ներդնել Թեքսասում հեղուկացված բնական գազի արտադրության գործարանի կառուցման, ինչպես նաև ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանման մեջ։

Attentive Energy անվանումը կրող նախագիծը պետք է էլեկտրաէներգիայով ապահովեր Նյու Յորքի և Նյու Ջերսիի մոտ 1,3 միլիոն տուն։ Հայցվորները պնդում են, որ երկու նահանգներն էլ հույսեր էին կապում ծովափնյա քամու էներգետիկայի զարգացման հետ՝ էլեկտրաէներգիայի աճող պահանջարկը ծածկելու և ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու համար։

Բացի Նյու Յորքից, հայցին մասնակցում են Նյու Ջերսին, Քոնեքթիքութը, Մենը, Մասաչուսեթսը, Ռոդ Այլենդը և Վերմոնտը։

Հայցադիմումում նշվում է, որ վարչակազմը խախտել է վարչական ընթացակարգերը և ոչ իրավաչափորեն օգտագործել է դատական կարգավորումների համար նախատեսված պետական հիմնադրամը՝ չնայած կողմերի միջև դատական վեճի բացակայությանը։

Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլը հայտարարել է, որ խոսքը «վճարիր, որպեսզի չմասնակցես» սխեմայի մասին է, որը ստիպում է օտարերկրյա ընկերությանը հրաժարվել քամու էներգետիկայի ոլորտի նախագծերից հօգուտ նավթի և գազի, ինչը, նրա խոսքերով, վնաս է հասցնում ԱՄՆ տնտեսությանը, աշխատատեղերին և կլիմայական նպատակներին։

Source: https://news.am/hy/news/1040390