ԱՄՆ Սենատը ուրբաթ հավանություն է տվել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներգաղթի ծառայությունների ֆինանսավորման մասին օրինագծին՝ չնայած 1,8 միլիարդ դոլարի հիմնադրամի շուրջ սուր վեճերին, որը քննադատներն անվանում էին Թրամփի դաշնակիցներին վճարումներ կատարելու հնարավոր «ստվերային հիմնադրամ», հայտնել է NBC News-ը։

Փաստաթուղթն ընդունվել է 52 կողմ և 47 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Օրինագիծը նախատեսում է մոտ 70 միլիարդ դոլարի հատկացում Ներգաղթի և մաքսային ոստիկանության (ICE), ԱՄՆ սահմանապահ ծառայության (CBP), ներքին անվտանգության նախարարության և մի շարք այլ ծրագրերի ֆինանսավորման համար՝ մինչև Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։

Դեմ քվեարկած միակ հանրապետականը Ալյասկայից սենատոր Լիզա Մուրկովսկին էր։ Նա հայտնել է, որ աջակցում է սահմանապահ ծառայությունների ֆինանսավորմանը, սակայն քննադատել է բյուջետային համաձայնեցման ընթացակարգի կիրառումը, որը թույլ է տալիս օրենք ընդունել ձայների պարզ մեծամասնությամբ՝ շրջանցելով ծախսերի քննարկման և հաստատման ավանդական կարգը։

Օրենսդիրների առանձնահատուկ դժգոհությունն առաջացրել է այսպես կոչված «հակազինային» կամ «ապաքաղաքականացված» 1,8 միլիարդ դոլարի հիմնադրամը։ Այն առաջարկվել էր Թրամփի վարչակազմի կողմից որպես նախագահի՝ ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայության (IRS) դեմ հայցի կարգավորման մաս՝ նրա հարկային հայտարարագրերի արտահոսքից հետո։ Քննադատները մտավախություն ունեին, որ հիմնադրամի միջոցները կարող են օգտագործվել այն անձանց վճարումների համար, որոնց վարչակազմը կհամարի դաշնային կառավարության գործողություններից տուժած։

Օրինագծի վերջնական տարբերակում չեն ներառվել սահմանափակումներ, որոնք կարգելեին այդ միջոցների օգտագործումը 2021 թվականի հունվարի 6-ի անկարգությունների մասնակիցներին կամ Թրամփի այլ կողմնակիցներին փոխհատուցումներ տրամադրելու համար։ Այդպիսի արգելք նախատեսող ուղղումը ստացել էր ութ հանրապետականների աջակցությունը, սակայն չհավաքեց անհրաժեշտ 60 ձայնը։

Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունը հայտնել է, որ հարցը փաստացի սպառված է, քանի որ գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշն ավելի վաղ օրենսդիրներին հայտնել էր, որ վարչակազմը մտադիր չէ գործարկել այդ հիմնադրամը։ Սակայն ինքը՝ Թրամփը, ավելի ուշ հասկացրել է, որ վերջնական որոշումը դեռ չի ընդունվել։

Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը խիստ քննադատել է ընդունված օրինագիծը՝ այն անվանելով «փչացած»։ Նրա խոսքով՝ հանրապետականները հրաժարվել են մեկընդմիշտ փակել հիմնադրամի ստեղծման հնարավորությունը՝ հարկատուներին թողնելով հենվել միայն վարչակազմի խոստումների վրա։

Օրինագիծը նախատեսում է 38,6 միլիարդ դոլարի հատկացում ICE-ի, 22,6 միլիարդ դոլար՝ սահմանապահ ծառայության, 5 միլիարդ դոլար՝ ներքին անվտանգության նախարարության և ավելի քան 108 միլիոն դոլար՝ երեխաների դեմ հանցագործությունների հետաքննության համար։

Այժմ փաստաթուղթն ուղարկվում է Ներկայացուցիչների պալատ։ Սակայն այնտեղ քվեարկությունը, հավանաբար, տեղի կունենա ոչ շուտ, քան հաջորդ շաբաթ, քանի որ պալատի ղեկավարությունը չեղարկել է ուրբաթ օրվա նիստերը։

Source: https://news.am/hy/news/1041215