Իրանի շուրջ պատերազմն արդեն իսկ հանգեցնում է պարենային անապահովության կտրուկ աճի աշխարհի ամենաաղքատ երկրներում։ Դրա մասին նախազգուշացրել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP)։

Ինչպես փոխանցում է CNN-ը, դեռևս մարտին կազմակերպությունը կանխատեսում էր, որ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունը և դրանով պայմանավորված նավթի գների աճը կարող են հանգեցնել սննդի սուր պակասի 45 միլիոն մարդու համար։ Այժմ, WFP-ի տվյալներով, այդ սցենարն սկսում է իրականություն դառնալ։

Այսօր հրապարակված զեկույցում ասվում է, որ ճգնաժամի հետևանքներն արդեն զգացվում են առավել խոցելի երկրներում։ Գների աճի և տնտեսական ցնցումների պատճառով հավելյալ շուրջ 2,5 միլիոն մարդ Սոմալիում, 1,3 միլիոն մարդ Շրի Լանկայում և 2,3 միլիոն մարդ Աֆղանստանում լրջագույն դժվարություններ են կրում հիմնական պարենային կարիքների ապահովման հարցում։ Մի շարք դեպքերում խոսքն արդեն սուր սովի մասին է։

WFP-ի պարենային անվտանգության և սնուցման վերլուծության ծառայության տնօրեն Ժան-Մարտեն Բաուերը հիշեցրել է, որ վաղ նախազգուշացումներն իմաստ ունեն միայն այն դեպքում, եթե համաշխարհային հանրությունը դրանց արձագանքում է ժամանակին։

«Մենք նախազգուշացնում էինք, որ այս ճգնաժամը կարող է սովի մատնել ևս միլիոնավոր մարդկանց։ Այժմ մենք ականատես ենք լինում, թե ինչպես է դա տեղի ունենում իրական ժամանակում։ Շատ դեպքերում ամենից շատ տուժում են աշխարհի ամենաաղքատ ընտանիքները, որոնք բուն հակամարտությունից շատ հեռու են»,- հայտարարել է նա։

WFP-ում ընդգծել են, որ գլոբալ պարենային անվտանգության վրա պատերազմի բացասական հետևանքները կուժեղանան առաջիկա ամիսներին նույնիսկ այն դեպքում, եթե Մերձավոր Արևելքում լարվածությունն սկսի նվազել։ Էներգակիրների գների աճը, տրանսպորտային ծախսերը և տնտեսական անկայունությունը շարունակում են ճնշում գործադրել այն երկրների վրա, որոնք առանց այդ էլ կախված են սննդամթերքի արտաքին մատակարարումներից։

Source: https://news.am/hy/news/1041225