ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան և ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական մի շարք երկրներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում Իրանին մեղադրել են արտերկրում բնակվող իրանցի ընդդիմադիրների, լրագրողների, ինչպես նաև հրեական ու իսրայելական համայնքների ներկայացուցիչների դեմ մահափորձեր և այլ թշնամական գործողություններ նախապատրաստելու մեջ։

Փաստաթղթում պնդվում է, որ նման գործունեությանը կարող են առնչություն ունենալ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) և իրանական այլ հատուկ ծառայություններ։ Արևմտյան երկրների վարկածով՝ այդ գործողություններն իբր իրականացվում են Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Ավստրալիայի տարածքում։

Հայտարարության հեղինակները Թեհրանին կոչ են արել անհապաղ դադարեցնել նման գործունեությունը և ընդգծել համատեղ ուժերով սեփական քաղաքացիների ու համայնքների անվտանգությանը սպառնացող վտանգներին հակազդելու իրենց պատրաստակամությունը։

Source: https://news.am/hy/news/1042561