Իրանի հարավային Հորմոզգան նահանգը խմելու ջրի խնդրի առաջ է կանգնել՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին ԱՄՆ-ի հասցրած հարվածներից հետո։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է «Fars» գործակալությունը։
«Ամերիկյան թշնամու հարձակումների հետևանքով ավերվել են խմելու ջրի բաշխման ենթակառուցվածքային օբյեկտներ, այդ թվում՝ 500 և 2 հազար խորանարդ մետր ծավալով երկու բետոնե ջրամբար՝ իրենց մեխանիկական սարքավորումներով»,- գործակալությունը մեջբերում է նահանգի ջրամատակարարման և ջրահեռացման ընկերության գլխավոր տնօրենի խոսքը։
Ջրամատակարարման խափանումներ են գրանցվել 20 հազար բնակիչ ունեցող Բամանի շրջանում։ Գործակալության տվյալներով՝ հասցված վնասի չափը գնահատվում է շուրջ 1 միլիոն դոլար։
«Այս շրջանների բնակիչների ջրամատակարարումն այժմ դադարեցված է, դիտարկվում է ջրով ապահովման այլընտրանքային տարբերակների կիրառումը»,- հայտնել է գործակալությունը։
Ավելի վաղ «IRIB» պետական հեռուստառադիոընկերությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ն հարվածել է Հորմոզգանի երկու ջրամբարներին։ Ամերիկյան զինուժը գրոհել է նաև Քեշմ կղզում գտնվող մի օբյեկտ, ինչպես նաև Ջասկ և Քուհ-Մոբարաք քաղաքներում գտնվող թիրախները։
Source: https://news.am/hy/news/1042542