Ամերիկյան ֆոնդային ինդեքսները երեքշաբթի օրվա սակարկությունների արդյունքներով աճ են գրանցել։
Ներդրողները շարունակում են ուշադիր հետևել Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորման ընթացքի վերաբերյալ հակասական լուրերին, ինչպես նաև գնահատում են հրապարակված վիճակագրական տվյալներն ու ընկերությունների նորությունները։
Ինչպես ցույց են տվել երեքշաբթի օրը հրապարակված տվյալները, ԱՄՆ-ում թափուր աշխատատեղերի քանակը ապրիլին նախորդ ամսվա համեմատ աճել է 731 հազարով՝ կազմելով 7,62 միլիոն, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2024 թվականի նոյեմբերից ի վեր։ Trading Economics-ի հարցված փորձագետները միջինում կանխատեսում էին, որ թափուր տեղերի թիվը կկազմի 6,88 միլիոն։
«S&P 500» ինդեքսի կազմում աճի տեմպերով առաջատար է դարձել ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի լուծումներ առաջարկող «Hewlett Packard Enterprise» ընկերությունը (+19,5%)։ Վերջինս 2026 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի ուժեղ հաշվետվություն է ներկայացրել և բարելավել տարեկան կանխատեսումները։
«Dow Jones»-ի կազմում ամենակտրուկ աճը գրանցել են «Cisco Systems Inc.»-ը (+5,5%), «Caterpillar»-ը (+5,2%) և «Apple Inc.»-ը (+2,9%)։
Մասնագիտացված չիպերի և ցանցային լուծումների մատակարար «Marvell Technology» ընկերության բաժնետոմսերի արժեքը թռիչքաձև աճել է 32,5%-ով այն բանից հետո, երբ «Nvidia Corp.»-ի գործադիր տնօրեն (CEO) Ջենսեն Հուանը հայտարարել է, որ «Marvell»-ը կդառնա հաջորդ ընկերությունը, որի կապիտալիզացիան կհասնի 1 տրիլիոն դոլարի։ Հենց իր՝ «Nvidia»-ի արժեթղթերը էժանացել են 0,7%-ով։
Չիպեր արտադրող «Microchip Technology» ընկերության բաժնետոմսերն աճել են 5,9%-ով՝ շնորհիվ 2026 թվականին տվյալների մշակման կենտրոններից ստացվող եկամուտների վերաբերյալ լավատեսական կանխատեսման։
Կանացի ներքնաշորերի ռիթեյլեր «Victoria's Secret & Co.»-ի կապիտալիզացիան ավելացել է 47,4%-ով՝ եռամսյակի բարձր ցուցանիշների և տարեկան դրական կանխատեսման ֆոնին։
Ոսկերչական խանութների ցանցի սեփականատեր «Signet Jewelers»-ի շուկայական արժեքը բարձրացել է 3,8%-ով։ Ընկերության 2027 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի ճշգրտված շահույթը գերազանցել է վերլուծաբանների սպասումները։
«S&P 500» ինդեքսում ամենամեծ կորուստները կրել են «Trade Desk»-ը (-9,1%), «Intuit»-ը (-8,9%) և «Cboe Global Markets»-ը (-8,4%), իսկ «Dow Jones» ինդեքսում՝ «Nike Inc.»-ը (-4,8%), «Salesforce Inc.»-ը (-4,2%) և «Microsoft Corp.»-ը (-4,2%):
«Alphabet Inc.»-ի արժեթղթերը էժանացել են 3,9%-ով այն բանից հետո, երբ «Google»-ի մայր ընկերությունը հայտարարեց, որ նախատեսում է բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ներգրավել 80 միլիարդ դոլար՝ արհեստական բանականության հաշվարկային ենթակառուցվածքներում ներդրումները ֆինանսավորելու համար։
«Dollar General» դիսկաունտ խանութների ցանցի օպերատորի կապիտալիզացիան նվազել է 3,3%-ով, չնայած այն հանգամանքին, որ ընկերության առաջին ֆինանսական եռամսյակի զուտ շահույթը գերազանցել էր փորձագետների կանխատեսումները։
Բիթքոյնի գնանկման ֆոնին «Coinbase Global» կրիպտոարժույթի բորսայի օպերատորի բաժնետոմսերի արժեքը նվազել է 4,7%-ով, իսկ բիթքոյնի աշխարհում ամենամեծ պահուստներին տիրապետող «MicroStrategy Inc.» ընկերությանը՝ 9,2%-ով։
«Dow Jones Industrial Average» ինդեքսը երեքշաբթի օրվա սակարկությունների արդյունքներով աճել է 0,45%-ով՝ հասնելով 51307,79 կետի։
«Standard & Poor's 500»-ի արժեքն ավելացել է 0,13%-ով՝ կազմելով 7609,78 կետ։
«Nasdaq Composite» ինդեքսն էլ գրանցել է 0,03% աճ և սակարկությունները փակել 27093,9 կետի սահմանագծին։
Source: https://news.am/hy/news/1040458
Business
Ուոլ Սթրիթը երեքշաբթի օրվա առևտուրն ավարտել է դրական ցւցանիշներով
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Business նորությունները Telegram-ում
Հետևիր Business թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։