Հունիսի 10-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Վլադիմիրի մարզում գտնվող «Տրանսնեֆտ» ընկերության երկու նավթամղման կայանների։ NASA-ի FIRMS արբանյակային ծառայությունը հրդեհներ է արձանագրել տարածաշրջանային կենտրոնից արևելք գտնվող «Վտորովո» և Մոսկվայի մարզի ու Սերգիև Պոսադի սահմանի մոտ տեղակայված «Լոբկովո» նավթամղման կայաններում։
Նահանգապետ Ալեքսանդր Ավդեևը հաստատել է, որ անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Կամեշկովոյի և Ալեքսանդրովի շրջաններում «ենթակառուցվածքային երկու օբյեկտներում»։ Ավդեևի խոսքով՝ տուժածներ չկան։
«Վտորովո» կայանի խոցման մասին, ականատեսների լուսանկարների վերլուծությունից հետո, հայտնել են նաև ուկրաինական մոնիտորինգային ալիքներն ու «Astra» լրատվականը։ Այս օբյեկտը հարձակման էր ենթարկվել նաև մայիսի 24-ին։ Այն ժամանակ Ուկրաինայի անվտանգության ծառայությունից հայտնել էին, որ կայանը սնուցում է Մոսկվայի շրջակայքի խոշոր նավթաբազաները, ինչպես նաև «Շերեմետևո», «Դոմոդեդովո» և «Վնուկովո» օդանավակայանները։ Բացի այդ, այս կայանը «Վտորովո – Յարոսլավլ – Կիրիշի – Պրիմորսկ» մայրուղային նավթամուղի մեկնարկային կետն է, որով ռուսական դիզելային վառելիքը տեղափոխվում է Բալթիկ ծովի «Պրիմորսկ» նավահանգիստ՝ հետագա արտահանման համար։ Իսկ «Լոբկովո» կայանն ապահովում է նավթի մատակարարումը Մոսկվայի տարածաշրջան։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է գիշերվա ընթացքում երկրի 20 տարածաշրջաններում ուկրաինական 326 անօդաչու թռչող սարք որսալու և ոչնչացնելու մասին, սակայն այդ ցուցակում նշված չի եղել Վլադիմիրի մարզը։
2026 թվականին Ուկրաինան ավելացրել է Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների թիվը։ Նավթամղման կայաններից հարվածների են ենթարկվել «Պերմ» գծային արտադրական-դիսպետչերական կայանը, «Տիխորեցկ» (Կրասնոդարի երկրամաս), «Յարոսլավլ-3» և «Գորկի» (Նիժնի Նովգորոդի մարզ) նավթամղման կայանները։ Բացի այդ, «Կալեյկինո» կայանում (Թաթարստան) ամբողջությամբ այրվել են 50-ական հազար խորանարդ մետր ծավալով մի քանի ջրամբարներ։
Հարվածների ինտենսիվությունը կտրուկ մեծացել է գարնանը։ Ըստ Bloomberg-ի հաշվարկների՝ միայն մայիսին Ուկրաինայի զինված ուժերը դրոններով 16 անգամ հարվածել են նավթավերամշակման գործարաններին, 7 անգամ՝ նավթամուղներին և 6 անգամ՝ նավահանգիստներին։ Նավթավերամշակման գործարանների ու նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումների ընդհանուր թիվը (30) աննախադեպ է եղել պատերազմի սկզբից ի վեր։
Մայիսի երկրորդ կեսին Կենտրոնական Ռուսաստանի նավթավերամշակման գործարանները, որոնք վառելիք են մատակարարում ներքին շուկային և ապահովում նավթամթերքի արտահանման զգալի մասը, գրեթե կանգ են առել։ Դրանց թվում են Կիրիշիի, Մոսկվայի, Նիժնի Նովգորոդի, Ռյազանի և Յարոսլավլի գործարանները։ Արդյունքում՝ երկրում նավթավերամշակման ծավալները նվազել են՝ հասնելով 2009 թվականից ի վեր ամենացածր մակարդակին, իսկ ավելի քան 20 տարածաշրջաններում վառելիքի դեֆիցիտ է առաջացել։
Source: https://news.am/hy/news/1042454