ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները այցելել են Օք Ռիջի ազգային լաբորատորիա և խորհրդակցություններ անցկացրել այն տեխնիկական փորձագետների խմբի հետ, որոնք կարող են ներգրավվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ սպասվող բանակցություններում։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

Լրատվամիջոցի տվյալներով՝ այս այցը Թեհրանի հետ փոխըմբռնման նախնական հուշագրի հնարավոր կնքման ուղղությամբ Վաշինգտոնի նախապատրաստական քայլերից է։ Այդ փաստաթուղթը պետք է հիմք դառնա միջուկային գործարքի և հակամարտության դադարեցման շուրջ հետագա մանրամասն բանակցությունների համար։

Ամերիկացի պաշտոնյաները պնդում են, որ Իրանի հետ բանակցությունները գտնվում են եզրափակիչ փուլում, սակայն վերջնական համաձայնություն դեռևս ձեռք չի բերվել։ Axios-ի զրուցակիցներից մեկը նշել է, որ տեխնիկական խորհրդակցությունների նախապատրաստման փաստն ինքնին չի նշանակում, թե գործարքը շուտով կկնքվի, սակայն վկայում է բանակցությունների ներկա փուլի լրջության մասին։

Հաղորդվում է, որ ԱՄՆ վարչակազմում ձևավորվել է շուրջ 100 մասնագետներից կազմված խումբ, որոնք պետք է ներգրավվեն գործընթացում՝ նախնական պայմանավորվածությունների ձեռքբերման դեպքում։ Նրանց խնդիրն է լինելու ապագա համաձայնագրի տեխնիկական մշակումը, ներառյալ՝ ուրանի հարստացման նկատմամբ վերահսկողությունը, միջուկային նյութերի պաշարների ուտիլիզացումը և պայմանների պահպանման ստուգման մեխանիզմների սահմանումը։

Օք Ռիջում և Միջուկային անվտանգության ազգային համալիրի «Y-12» օբյեկտում են կենտրոնացած ուրանի վերամշակման և ցենտրիֆուգային տեխնոլոգիաների գծով ամերիկյան առաջատար մասնագետները։ Այս օբյեկտները նախկինում արդեն մասնակցել են միջուկային նյութերի տեղափոխման և վերամշակման միջազգային ծրագրերին, այդ թվում՝ Ղազախստանին և Լիբիային առնչվող նախագծերին։

Աղբյուրների փոխանցմամբ՝ բանակցությունները նախատեսում են կրակի դադարեցման և իրավիճակի ապաԷսկալացման վերաբերյալ 60-օրյա շրջանակային համաձայնագրեր։ Այն կարող է ներառել Հորմուզի նեղուցի բացման, իրանական նավթի արտահանման թույլտվության և Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումների շուրջ լիարժեք բանակցային փուլի մեկնարկի վերաբերյալ պայմանները։

Այդուհանդերձ, կողմերի միջև դեռևս կան տարաձայնություններ։ ԱՄՆ-ն պնդում է հարստացված ուրանի պաշարների կրճատման համար 60-օրյա ժամկետի սահմանումը, մինչդեռ Իրանն առաջարկում է այն երկարաձգել մինչև 90 օր։ Քննարկվում է նաև Իրանի սառեցված ակտիվների հարցը. Վաշինգտոնն առաջարկում է առանցքային քայլերից հետո աստիճանաբար ապասառեցնել դրանք, մինչդեռ Թեհրանը պահանջում է մասնակի հասանելիություն ստանալ միջոցներին արդեն իսկ նախնական փուլում։

Ըստ CNN-ի տվյալների՝ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը հայտարարել է, որ բանակցությունները փակուղի են մտել հենց սառեցված միջոցների շուրջ ծագած վեճի պատճառով՝ նշելով, որ «գնդակը Թրամփի դաշտում է»։

ԱՄՆ-ում գտնվող աղբյուրները պնդում են, որ Սպիտակ տունն իրանցի բանակցողներից «դրական ազդակներ» է ստանում, սակայն Իրանի ղեկավարության ներսում պահպանվում են հետագա քայլերի ռազմավարության վերաբերյալ տարաձայնությունները։

Եթե համաձայնությունն անցնի երկրորդ փուլին, ապա Ուիթքոֆի և Քուշների հետ հանդիպմանը մասնակցած փորձագետների խումբը կմշակի Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման և դրա պահպանման նկատմամբ վերահսկողության տեխնիկական պլանը։

Source: https://news.am/hy/news/1041350