ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի բոլոր հանրապետականներին կոչ է արել անհապաղ առաջադրել և հաստատել 350 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ բյուջեի համաձայնեցման մասին օրինագիծը ռազմական գերատեսչության համար։

«Ես խիստ կոչ եմ անում Կոնգրեսի հանրապետականներին անհապաղ առաջ տանել և ընդունել պատրաստվող Recon 3.0 բյուջեի համաձայնեցման օրինագիծը՝ 350 միլիարդ դոլարի չափով»,- նախագահը գրել է Truth Social սոցիալական ցանցում։

Թրամփի խոսքով՝ Recon 3.0 օրինագիծը անհրաժեշտ քայլ է ԱՄՆ-ի ընդհանուր ռազմական բյուջեն 1,5 տրիլիոն դոլարի հասցնելու համար։

Այս միջոցները անհրաժեշտ են զինված ուժերի արդիականացման համար, ընդգծել է ամերիկացի առաջնորդը։ Նա հստակեցրել է, որ խոսքը «Ոսկե գմբեթ» հակահրթիռային վահանի և «Ոսկե նավատորմ» նախագծի, ինչպես նաև զինամթերքի պաշարների համալրման և F-47 կործանիչների, B-21 ռմբակոծիչների ու ԱԹՍ-ների արտադրության ավելացման մասին է։

Բացի այդ, օրինագիծը ներառում է նաև «Փրկենք Ամերիկան» ակտը (The Save America Act), որի շրջանակում Թրամփն առաջարկում է հինգ բարեփոխում։ Ընտրական իրավունքի ոլորտում՝ ընտրություններին լուսանկարով անձը հաստատող փաստաթղթի պարտադիր ներկայացում և քաղաքացիության հաստատում, ինչպես նաև փոստային քվեարկության սահմանափակում։ Սոցիալական ոլորտում՝ տղամարդկանց չթույլատրել մասնակցել կանանց մարզական մրցումներին և անչափահասների նկատմամբ սեռափոխության վիրահատությունների անցկացման լիակատար արգելք։

Source: https://news.am/hy/news/1042669