Հունիսի 6-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկները և ՆԳՆ ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները Լոռու մարզում կանխել են ամուսնու կողմից կնոջ նկատմամբ հաշվեհարդարը, հաղորդում է Shamshyan.com–ը։
ՊԾ Լոռու մարզի գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ ժամը 18:50-ի սահմաններում Սպիտակ խոշորացված համայնքի Հարթագյուղ բնակավայրի ճանապարհին՝ «Սուրբ Հովհաննես» մատուռից դեպի Վանաձոր տանող հատվածում, տղամարդը «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում ծեծի է ենթարկում մի կնոջ։ Պարեկներն ու համայնքային ոստիկանները մեկնել են նշված վայր և դեպի Վանաձոր ընթացող ճանապարհին հայտնաբերում են նշված «Mercedes»-ը։
Տեղում պարզվել է նաև, որ մարմնական վնասվածքներ ստացած կին կա։ Պարեկները, օգտագործելով պարեկային ավտոմեքենայում եղած դեղատուփից անհրաժեշտ պարագաները, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել կնոջը, ապա իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Տեղում պարեկներն ու համայնքային ոստիկանները հայտնաբերել են նաև «Mercedes»-ի վարորդին, ում մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով տեղափոխել ոստիկանության Սպիտակի բաժին։ Բերման ենթարկված տղամարդը մարզերից մեկի բնակիչ 31-ամյա Տ. Ղ.-ն է, ով ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է՝ գտնվելիս է եղել ու ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում։ Ծեծի ենթարկվածը նույնպես մարզերից մեկի բնակիչ 27-ամյա Ա․ Զ.-ն է։ Կայքի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կայքի հետ զրույցում ծեծված կնոջ հարազատները ասում էին. «Ամուսինը ոչ սթափ էր, ու կինը դիտողություն է արել, որ պետք չէ խմած մեքենա վարել, ինչից հետո քրոջ և 2 մանկահասակ երեխաների ներկայությամբ ամուսինը սկսել է հայհոյանքներ տալ կնոջ հասցեին, ապա ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածների, իսկ հետո կանգնեցրել է ավտոմեքենան, կնոջը քաշքշելով դուրս է հանել ավտոմեքենայից, գցել գետնին ու նորից սկսել հարվածներ հասցնել մարմնի տարբեր հատվածներին։ Ու եթե պարեկներն ու ոստիկանները ժամանակին չհասնեին, հնարավոր է ոչ ադեկվատ վիճակում գտնվող ամուսինը կնոջը կյանքից զրկեր»։
Source: https://news.am/hy/news/1041598