Միացյալ Նահանգները մտադիր են Իրանի ակտիվները հասանելի դարձնել Պարսից ծոցի երկրների իր դաշնակիցներին օգնություն ցուցաբերելու համար՝ վերականգնելու այն օբյեկտներն ու ենթակառուցվածքները, որոնք կարող են տուժել Իրանի ապագա գործողությունների հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։
Զրուցակցի վկայությամբ Վաշինգտոնը նաև դիտարկում է այդ միջոցների օգտագործման հնարավորությունը՝ տարածաշրջանի դաշնակից պետություններին նախկինում հասցված վնասը փոխհատուցելու համար։
Աղբյուրը նշել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը համապատասխան մասնագետների խմբին հանձնարարել է գնահատել այն վնասը, որը, ամերիկյան կողմի կարծիքով, Իրանի գործողությունների հետևանքով հասցվել է Պարսից ծոցի պետություններին։
Այս գնահատման հիման վրա կարող է որոշվել վերականգնման և փոխհատուցումների համար անհրաժեշտ միջոցների ծավալը։
Առայժմ չի հստակեցվում, թե խոսքը կոնկրետ որ իրանական ակտիվների մասին է, և որ երկրները կկարողանան հավակնել օգնություն ստանալուն։
Հայտնի չէ նաև, թե ինչ ձևով կգործարկվի սառեցված իրանական միջոցների փոխանցման կամ օգտագործման հնարավոր մեխանիզմը։
Source: https://news.am/hy/news/1041477