Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը RT Arabic-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Պարսից ծոցի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները չի կարելի դիտարկել Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների համատեքստից դուրս։
Լավրովի խորին համոզմամբ՝ տարածաշրջանում ընթացիկ լարվածությունն «ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ իրականացվող ագրեսիայի» արդյունքն է, և, Ռուսաստանի գլխավոր դիվանագետի գնահատմամբ, դրա թաքնված հետևանքներից մեկը դարձավ տարածաշրջանային մերձեցման գործընթացները տապալելու ձգտումը։
«Այս արկածախնդիր գործողության խնդիրներից մեկը, ես դրանում ամենևին չեմ կասկածում, այն գործընթացի թույլ չտալն էր, որը նկատվում էր՝ արաբական երկրների և Իրանի միջև հարաբերությունների մերձեցման ու կարգավորման գործընթացը»,- նշել է Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է նաև Պարսից ծոցի շրջանում անվտանգության ճարտարապետության ձևավորման վերաբերյալ ռուսական նախաձեռնության մասին։ Լավրովը հավելել է, որ հայեցակարգը թարմացվել և ուղարկվել է գործընկերներին։
«Թե՛ ծոցի, թե՛ հարակից տարածքների ապագայի վերաբերյալ քննարկումների շրջանակում գոյություն ունի Պարսից ծոցի շրջանում անվտանգության ռուսական հայեցակարգը։ Մենք այժմ այն թարմացրել ենք, ուղարկել ենք Արաբական պետությունների համագործակցության խորհրդի գործընկերներին, ինչպես նաև Թեհրան ենք ուղարկել այդ տեքստը։ Հիմա սպասելու ենք արձագանքին»,- հայտարարել է Լավրովը։
Նա հավելել է, որ համապատասխան քայլերը ձեռնարկվել են վերջին օրերին։
Source: https://news.am/hy/news/1040969