Գազայի հատվածի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, տեղեկացնում է AFP-ն։
Իսրայելի բանակը հայտարարել է, որ զոհվածների թվում եղել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի բջիջներից մեկի հրամանատարը։
Պաղեստինյան փրկարար ծառայությունների տվյալներով, Գազա քաղաքում տեղահանվածների «Ալ-Ջավազաթ» ճամբարի վրա անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է ութ մարդ, ևս 15-ը վիրավորվել են։ «Աշ-Շիֆա» հիվանդանոցը նույնպես հաստատել է ութ զոհվածների մարմինների տեղափոխումը։
Իսրայելական զինվորականները հայտարարել են, որ հարված են հասցրել «այդ շրջանում գործող ահաբեկիչներին»՝ առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու։
Եվս մեկ հարված հասցվել է Գազայի հատվածի հարավում՝ Խան Յունիսի շրջանում։ Տեղական ծառայությունների տեղեկություններով, զոհվել է 25-ամյա Մուհամմադ Օսման Ֆարվանան։ «Նասեր» հիվանդանոցը հայտնել է նրա մարմնի և մի քանի վիրավորների տեղափոխման մասին։
Իսրայելի բանակը հայտարարել է, որ Ֆարվանան եղել է «ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ահաբեկչական բջջի հրամանատար» և ոչնչացվել է բարձր ճշգրտության հարվածի հետևանքով։
Նրա հարազատների վկայությամբ, հարվածը հասցվել է տան տանիքին տեղադրված վրանին՝ նրա հարսանիքից մի քանի ժամ առաջ։
Ավելի ուշ Գազայի քաղաքացիական պաշտպանությունը հայտնել է ևս մեկ զոհի մասին՝ Գազա քաղաքի հարավ-արևելքում իսրայելական հարվածի հետևանքով։
Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2025 թվականի հոկտեմբերին հրադադարի ուժի մեջ մտնելու պահից ի վեր հատվածում զոհվել է առնվազն 951 պաղեստինցի։ Նույն ժամանակահատվածում Իսրայելի բանակը հայտնել է իր հինգ զինծառայողների մահվան մասին։
Source: https://news.am/hy/news/1041641