«Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով եռագլուխ կուսակցությունը և դրա պոչերը չպետք է հայտնվեն խորհրդարանում, սա Հայաստանի ժողովրդի արժանապատվության հարցն է»։ Դրա մասին հունիսի 5-ին Երևանի Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքի ժամանակ հայտարարել է արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է ՔՊ կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։
Նա նշել է, որ ընտրություններից կարճ ժամանակ անց Ռոբերտ Քոչարյանը («Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, երկրի երկրորդ նախագահ – խմբ․) «պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի 2008 թվականի մարտի 1-ի հանցագործությունների համար»։
«Գլխավոր դատախազությունը նրանից և նրա ընտանիքից պահանջում է վերադարձնել 200 միլիոն դոլարի ապօրինի գույքն ու գումարը։ Այդ ամենը կարճ ժամանակում պետք է վերադարձվի պետությանը»,- նշել է նա։
Փաշինյանը կրկին մեղադրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին բանակը թալանելու մեջ։ «Նա պետք է ենթարկվի խստագույն պատժի։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ազգայնացված է և այսուհետ լինելու է միայն պետական»,- ընդգծել է նա։
Փաշինյանը հավելել է, որ դատական համակարգը հնարավորինս շուտ պետք է վերադարձնի «Ծառուկյանի («Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար – խմբ․) կողմից թալանված 300 միլիոն դոլարի գույքը»։
«Ծառուկյանը, նրա լկտի համախոհները և որդին պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության»,- նշել է նա՝ միաժամանակ հավաստիացնելով, որ կարևորություն կտրվի իշխանությունների տարանջատման սկզբունքին։
«Ընդ որում, առայժմ Հայաստանում չի հաջողվել հասնել ժողովրդի համար ընդունելի արդարադատության։ Մենք ընտրություններից հետո, քննարկումներից հետո և ժողովրդավարական գործընթացների միջոցով կընդունենք Սահմանադրություն, և բոլոր դատավորները կունենան պաշտոնակատարի կարգավիճակ»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ կվերանշանակվեն միայն նրանք, ովքեր մի քանի փուլով կանցնեն բարեվարքության ստուգումը։
«Դատական մաֆիայի պատճառով մենք մինչ օրս չենք կարողացել կատարել մի քանի խոստումներ։ Մենք չենք կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչու մինչև հիմա ազատության մեջ են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը (Հայաստանի երրորդ նախագահ – խմբ․), ինչու թալանչի-օլիգարխները չեն հայտնվել բանտում։ Մեր համբերությունը սպառված է, ժամանակը սպառվել է։ Ժողովուրդը պահանջում է արդարություն և արդարադատություն»։
Source: https://news.am/hy/news/1041309