ԱՄՆ Օհայո նահանգի Տոլիդո քաղաքում ամենամյա Old West End Festival փառատոնի ժամանակ առնվազն 12 մարդ հրազենային վնասվածք է ստացել, հայտնում է NBC News-ը։

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան, երբ տոնակատարության անցկացման վայրի մոտ կրակ են բացել առնվազն երկու զինված տղամարդ։

Քաղաքի ոստիկանապետի տեղակալ Ջոզեֆ Հեֆերնանի վկայությամբ, նախնական քննությունը ցույց է տալիս, որ կրակողները, հավանաբար, կրակել են միմյանց ուղղությամբ, սակայն գնդակների տակ են հայտնվել նաև մոտակայքում գտնվող բազմաթիվ պատահական մարդիկ։

Միջադեպի պահին փառատոնում գտնվել է մի քանի հարյուր այցելու։

Տուժածների թվում կան դեռահասներ և տարեցներ։ Ամենաերիտասարդ վիրավորը 14 տարեկան է, ամենատարեցը՝ 61։ Տուժածների մեծ մասը մոտ 20 տարեկան է։ Երկու մարդ հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում։

Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալները դեռևս չեն ձերբակալվել։ Քննիչները հարցաքննում են վկաներին և տուժածներին, ինչպես նաև ուսումնասիրում են տեսահսկման խցիկների գրառումները։

Փառատոնի անվտանգությունն ապահովելու համար ներգրավվել են ոստիկանության լրացուցիչ աշխատակիցներ, արտահաստիքային պահպանություն և շարժական տեսահսկման խցիկներ։

Old West End Festival-ը համարվում է Տոլիդոյի ամենահայտնի քաղաքային ավանդույթներից մեկը։ Ամեն տարի միջոցառումը հավաքում է քաղաքի հազարավոր բնակիչների և հյուրերի՝ առաջարկելով համերգներ, գաստրոնոմիական տոնավաճառներ, մանկական ժամանց և այլ մշակութային միջոցառումներ։

Նահանգապետ Մայք Դևայնը հայտարարել է, որ խորապես մտահոգված է տեղի ունեցածով՝ ընդգծելով, որ ամառային փառատոնները պետք է մնան ընտանիքների հանգստի համար անվտանգ վայր։

Իրավապահ մարմինների և քաղաքային իշխանությունների հետ խորհրդակցություններից հետո կազմակերպիչները որոշել են չեղարկել կիրակի օրվա համար նախատեսված բոլոր միջոցառումները։

Source: https://news.am/hy/news/1041475