Նիգերիայի բանակը հայտնել է 360 մարդու ազատագրման մասին, որոնք ավելի վաղ առևանգվել էին «Բոկո Հարամ» խմբավորման զինյալների կողմից երկրի հյուսիս-արևելքում գտնվող Բորնո նահանգում, հայտնում է Associated Press-ը։

Գործողությունն իրականացվել է Մանդարա լեռներում, որոնք համարվում են զինյալների հենակետային շրջաններից մեկը։ Ազատվածների թվում եղել են կանայք և երեխաներ, որոնք առևանգվել էին Բորնո նահանգի տարբեր բնակավայրերից։

Բանակի ներկայացուցիչ Հարունա Սանին հայտնել է, որ երկու նորածին մահացել է հյուծվածությունից՝ լեռնային տեղանքի ծանր պայմանների և գերության մեջ երկար մնալու հետևանքների պատճառով։

«Մնացած ազատված պատանդները տարհանվել են անվտանգ վայրեր՝ բժշկական օգնություն և մարդասիրական աջակցություն ստանալու համար։ Սա դարձել է խոշոր օպերատիվ հաջողություն և լուրջ հարված ահաբեկչական խմբավորմանը», — հայտարարել է նա։

Նիգերիան արդեն ավելի քան տասը տարի բախվում է անվտանգության լուրջ ճգնաժամի, հատկապես երկրի հյուսիսային շրջաններում։ «Բոկո Հարամի» գործունեությունից բացի, վտանգ են ներկայացնում նաև զինված խմբերը, որոնք զբաղվում են մարդկանց առևանգմամբ՝ փրկագին ստանալու նպատակով, և օգտակար հանածոների ապօրինի արդյունահանմամբ։

Ամենաակտիվ ծայրահեղական կազմակերպություններից մեկը շարունակում է մնալ նաև «Բոկո Հարամից» առանձնացած «Իսլամական պետության Արևմտյան Աֆրիկայի նահանգ» խմբավորումը, որը կապված է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ։

Անցյալ ամիս Նիգերիայի իշխանությունները հայտնել էին, որ ԱՄՆ-ի հետ համատեղ գործողության ընթացքում ոչնչացվել է ISWAP-ի 175 զինյալ։

Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով, Նիգերիայի հյուսիս-արևելքում զինված ապստամբությունը հանգեցրել է հազարավոր մարդկանց մահվան և միլիոնավորներին ստիպել լքել իրենց տները։

Source: https://news.am/hy/news/1041674