Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցի ընթացքում համաձայնել է հետաձգել Իրանի հարվածներին պատասխանը՝ Վաշինգտոնին ժամանակ տալով Թեհրանի հետ գործարք կնքելու համար, հաղորդում է Axios-ը։

«Նեթանյահուն առարկում էր, բայց ի վերջո (...) համաձայնեց նահանջել»,- գրում է պորտալը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի վրա։

Նրա խոսքով՝ այս անգամ Նեթանյահուի և Թրամփի զրույցը ավելի հանգիստ էր, քան անցյալ շաբաթ նրանց միջև տեղի ունեցած լարված մտքերի փոխանակումը։

«Մենք կարծում ենք, որ նախագահը մի քիչ ժամանակ շահեց։ Նա բավականին հաստատակամորեն ասում է, որ մենք մոտ ենք Իրանի հետ գործարքին։ Չեմ կարծում, որ մոտ ապագայում կլինի Իսրայելի հարվածների նման որևէ բան»,- պարզաբանել է Axios-ի զրուցակիցը։

Ավելի վաղ Թրամփը Financial Times-ին տված հարցազրույցում ընդգծել էր, որ Նեթանյահուն «այլ ընտրություն չի ունենա», քան համաձայնել ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված ցանկացած գործարքի։ «Բոլոր որոշումները ես եմ ընդունում։ Նա (Նեթանյահուն - ԻՖ) որոշումներ չի ընդունում»,- ընդգծել է ամերիկացի նախագահը։ Նա հայտարարել է, որ Իրանի հարվածները Իսրայելի դեմ չեն փոխել Թեհրանի հետ դիվանագիտական լուծման հասնելու իր մտադրությունը։

Ինչպես հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը, կիրակի երեկոյան առաջին անգամ ապրիլի 8-ից ի վեր որսացվել են Իրանի արձակած բալիստիկ հրթիռներ։

Իր հերթին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում հայտարարել են, որ հրթիռային հարվածը դարձել է ուղիղ «պատասխան սիոնիստական ռեժիմի լայնածավալ հանցագործություններին Լիբանանում, որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության սպանություններին և զանգվածային տեղահանմանը»։

Source: https://news.am/hy/news/1041882