Կոսովոյում այս կիրակի վերջին 18 ամսվա ընթացքում արդեն երրորդ խորհրդարանական ընտրություններն են անցկացվում՝ խորացող քաղաքական ճգնաժամի և Եվրոպական միության ու ՆԱՏՕ-ի հետ մերձեցման ձգտող երկրում ընտրողների աճող հիասթափության ֆոնին, հաղորդում է Associated Press-ը։
Հերթական արտահերթ քվեարկությունը նշանակվել է այն բանից հետո, երբ առաջատար քաղաքական ուժերը չկարողացան մինչև մարտյան վերջնաժամկետը համաձայնության գալ Կոսովոյի նախկին նախագահ Վյոսա Օսմանիի փոխարինման հարցում։
Գործող վարչապետ Ալբին Կուրտիի «Ինքնորոշում» (Vetëvendosje) կուսակցությունը դեկտեմբերին կայացած նախորդ արտահերթ ընտրություններից հետո պահպանում է խորհրդարանում վստահ մեծամասնություն։ Սակայն նախագահի նշանակման համար անհրաժեշտ է առնվազն 120 պատգամավորից 80-ի աջակցությունը, ինչին չեն կարողացել հասնել ոչ իշխանական կուսակցությունը, ոչ էլ ընդդիմությունը։
Քաղաքական փակուղու ֆոնին կողմերը միմյանց մեղադրում են ճգնաժամը ձգձգելու մեջ։ Այդ ընթացքում երկրի մոտ երկու միլիոն բնակիչների շրջանում դժգոհությունն աճում է․ շատերը կարծում են, որ իշխանությունները պետք է կենտրոնանան տնտեսության և կենսամակարդակի վրա, ոչ թե քաղաքական հակամարտությունների։
Source: https://news.am/hy/news/1041489