ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Կրիտիկական մետաղների հետազոտական խմբի հիմնադիր և ղեկավար Սամվել Հովակիմյանը NEWS.am-ին տված հարցազրույցում խոսել է կրիտիկական և հազվագյուտ հողային մետաղների որոնման, արդյունահանման ու կիրառման ոլորտում Հայաստանի ունեցած ներուժի մասին:

– Խնդրում եմ, ոչ մասնագետ ընթերցողների համար պարզաբանեք, թե որո՞նք են կրիտիկական ու հազվագյուտ հողային մետաղները և որտե՞ղ են դրանք օգտագործվում։

– Կրիտիկական մետաղներն առանցքային դեր են խաղում ժամանակակից տնտեսության և տեխնոլոգիական զարգացման, հատկապես վերականգնվող էներգետիկայի ու բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Դրանք կոչվում են «կրիտիկական», քանի որ ռազմավարական նշանակություն ունեն արդյունաբերության համար, իսկ դրանց մատակարարումները կարող են սահմանափակվել երկրաբանական, տնտեսական կամ աշխարհաքաղաքական գործոններով։

Ընդ որում, կրիտիկական մետաղներն իրենցից տարրերի առանձին խումբ չեն ներկայացնում։ Յուրաքանչյուր երկիր ինքն է ձևավորում նման հանածոների իր սեփական ցանկը՝ ելնելով տնտեսության կարիքներից և ռեսուրսների անվտանգության հարցերից։ Այսպես, Չինաստանը, Եվրոպական միությունը և ԱՄՆ-ն ունեն կրիտիկական հանածոների տարբեր ցուցակներ, թեև որոշ տարրեր առկա են գրեթե բոլոր ցանկերում. դրանք են առաջին հերթին լիթիումը, նիկելը, կոբալտը, պղինձը և հազվագյուտ հողային տարրերը:

Այս կամ այն մետաղի՝ որպես կրիտիկական հումքի կարգավիճակը ժամանակի ընթացքում կարող է փոխվել։ Օրինակ՝ այսօր լիթիումը համարվում է մարտկոցների արտադրության հիմնական տարրերից մեկը, սակայն նատրիում-իոնային և էներգիայի կուտակման այլընտրանքային այլ տեխնոլոգիաների զարգացումը ապագայում կարող է նվազեցնել դրա նշանակությունը։

Հազվագյուտ հողային տարրերը ներառում են 15 լանթանոիդները, ինչպես նաև սկանդիումն ու իտրիումը։ Դրանք լայնորեն կիրառվում են սմարթֆոնների և այլ էլեկտրոնիկայի, էլեկտրամոբիլների, հողմագեներատորների, կիսահաղորդիչների, բժշկական սարքավորումների ու պաշտպանական նշանակության արտադրանքի մեջ։

Պղինձը նույնպես դասվում է ամենակարևոր կրիտիկական մետաղների շարքին։ Այն անհրաժեշտ է էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման, էլեկտրամոբիլների, արևային ու հողմային էլեկտրակայանների արտադրության, էլեկտրոնիկայի և հեռահաղորդակցության համար։ «Կանաչ» էներգետիկայի զարգացմանն ու համաշխարհային տնտեսության էլեկտրականացմանը զուգընթաց՝ շարունակում է աճել նաև պղնձի պահանջարկը։

Կրիտիկական հանածոների հանդեպ առանձնահատուկ ուշադրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանց արդյունահանումն ու վերամշակումը կենտրոնացված են սահմանափակ թվով երկրներում։ Օրինակ՝ լիթիումի հիմնական արտադրողներն են Ավստրալիան, Չիլին և Չինաստանը, կոբալտի համաշխարհային արտադրության զգալի մասը բաժին է ընկնում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը, իսկ հազվագյուտ հողային տարրերինը՝ Չինաստանին։ Այդ պատճառով ԱՄՆ-ն, Եվրամիության երկրները և այլ պետություններ ձգտում են դիվերսիֆիկացնել մատակարարման աղբյուրները և նվազեցնել առանձին մատակարարներից կախվածությունը։

Մեծապես հենց սրանով էլ բացատրվում է Հայաստանի` որպես ռազմավարական նշանակության հանքային հումքի հնարավոր աղբյուրի հանքահումքային ներուժի հանդեպ աճող հետաքրքրությունը։

– Կա՞ն արդյոք տվյալներ Հայաստանի ընդերքում դրանց պաշարների վերաբերյալ։

– Այսօրվա դրությամբ Հայաստանում կրիտիկական մետաղների մեծ մասի արդյունաբերական պաշարների մասին հավաստի տվյալները դեռևս բավարար չեն։ Սակայն դա չի նշանակում, թե երկրում նման ռեսուրսներ չկան։ Դեռևս խորհրդային տարիներին Հայաստանում իրականացվել են լայնածավալ երկրաբանական հետախուզական աշխատանքներ, որոնց ընթացքում հիմնական օգտակար հանածոների հետ մեկտեղ ուսումնասիրվել են նաև այն տարրերը, որոնք այսօր դասվում են կրիտիկականների շարքին։ Այն ժամանակ, սակայն, հիմնական ուշադրությունը կենտրոնացված էր պղնձի, մոլիբդենի, ոսկու և հումքի մյուս ավանդական տեսակների վրա, մինչդեռ ռենիումը, տելուրը, սելենը, բիսմութը և հազվագյուտ հողային տարրերը դիտարկվում էին գլխավորապես որպես ուղեկցող բաղադրիչներ և հետազոտության առանձին օբյեկտ չէին հանդիսանում։

Այսօր հայտնի է, որ Հայաստանի շատ հանքավայրեր պարունակում են կրիտիկական մետաղներ։ Օրինակ՝ մի շարք ոսկու հանքավայրեր աչքի են ընկնում տելուրի բարձր պարունակությամբ, որը լայնորեն կիրառվում է արևային վահանակների արտադրության մեջ։ Պղնձամոլիբդենային հանքավայրերում արձանագրվել է ռենիումի զգալի պարունակություն. սա ռազմավարական կարևորության մետաղ է, որն օգտագործվում է ավիացիոն շարժիչների արտադրության մեջ։ Որոշակի հետաքրքրություն է ներկայացնում նաև լիթիումը։ Դեռ խորհրդային ժամանակներում հայտնաբերվել են լիթիում պարունակող ապարներ, որոնց խտությունը առանձին դեպքերում նույնպես կարող է արդյունաբերական հետաքրքրություն ներկայացնել։

Այդուհանդերձ, բարձր խտության առկայությունը դեռ չի նշանակում արդյունաբերական պաշարների առկայություն։ Դրա համար անհրաժեշտ է որոշել հանքայնացման մասշտաբները, կատարել մանրամասն երկրաբանական հետախուզություն և իրականացնել տեխնիկատնտեսական գնահատում։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի Կոտայքի մարզի Կապուտանի երկաթահանքի վայրը։ Մեր հետազոտությունները ցույց են տվել հազվագյուտ հողային տարրերի զգալի ռեսուրսների առկայություն, որոնք կապված են այս հանքավայրի ապատիտի հետ։ Սակայն հայտնաբերված ռեսուրսները արդյունաբերական պաշարների կարգավիճակին փոխադրելու համար անհրաժեշտ են հետագա երկրաբանական հետախուզական և տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ։ Ուստի այսօր դեռ վաղ է խոսել Հայաստանում այս կամ այն կրիտիկական մետաղի պաշարների հստակ ծավալների մասին։

– Իսկ ինչպե՞ս է իրականացվելու արդյունահանումն ու հարստացումը։

– Հարկ է նշել, որ Հայաստանում շատ կրիտիկական մետաղներ կարող են կորզվել հենց որպես ուղեկցող արտադրանք՝ արդեն իսկ գործող հանքավայրերից։ Օրինակ՝ ռենիումը կապված է պղնձամոլիբդենային հանքաքարերի հետ, տելուրը՝ մի շարք ոսկու հանքավայրերի, իսկ որոշ այլ տարրեր առկա են որպես ուղեկցող բաղադրիչներ տարբեր տեսակի հանքաքարերում։

Բացի այդ, որոշակի ներուժ է պարունակում նաև լեռնահանքային արդյունաբերության նախկինում կուտակված թափոնների՝ պոչամբարների և լցակույտերի վերամշակումը։ Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս դրանցից կորզել այնպիսի մետաղներ, որոնք անցյալում արդյունաբերական հետաքրքրություն չէին ներկայացնում։ Նման մոտեցումը հնարավորություն է տալիս ստանալ լրացուցիչ տնտեսական օգուտներ և առավել արդյունավետ կերպով օգտագործել հանքային ռեսուրսները՝ առանց լեռնային աշխատանքների ծավալների զգալի ընդլայնման։

– Իսկ ինչպե՞ս դա կանդրադառնա էկոլոգիայի վրա։

– Ինչպես արդեն նշեցի, կրիտիկական մետաղների զգալի մասը կարող է կորզվել որպես ուղեկցող բաղադրիչ՝ արդեն իսկ գործող հանքերից։ Նման դեպքերում խոսքը ոչ թե նոր հանքավայրերի բացման, այլ արդեն արդյունահանվող հումքի առավել լիարժեք ու բանական օգտագործման մասին է։ Սա թույլ է տալիս ստանալ լրացուցիչ տնտեսական օգուտ և առավել արդյունավետ օգտագործել հանքային ռեսուրսները՝ առանց էկոլոգիական ծանրաբեռնվածության զգալի ավելացման։

Եթե խոսենք Կապուտանի հանքավայրի հնարավոր շահագործման մասին, ապա այնտեղ հիմնական օգտակար հանածոն երկաթաքարն է, մինչդեռ ապատիտը՝ հազվագյուտ հողային տարրեր պարունակող հանքանյութը, կարող է դիտարկվել որպես ուղեկցող արժեքավոր բաղադրիչ։ Այդ պարագայում հազվագյուտ հողային տարրերի կորզումը կարող է իրականացվել երկաթաքարի արդյունահանմանն ու վերամշակմանը զուգահեռ։

– Հաշվի առնելով Հայաստանի գիտական մեծ ներուժը՝ հնարավո՞ր է արդյոք խոսել վերջնական արտադրանքի թողարկման մասին։

– Մեր նախագծի գլխավոր խնդիրներից մեկը Հայաստանում կրիտիկական մետաղների տարածվածությունը հստակեցնելն է, առավել հեռանկարային օբյեկտները որոշելը և դրանց հետագա գնահատման ու հնարավոր յուրացման համար գիտական հենք ստեղծելը։ Հենց այս նպատակն էլ արտացոլված է նախագծի անվանման մեջ՝ «Հայաստանի ռազմավարական նշանակության կրիտիկական մետաղների ներուժի գնահատում՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մեջ դրանց էկոլոգիապես անվտանգ և կայուն օգտագործման նպատակով»։ Նախագիծը ֆինանսավորվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից։

Ծրագրի ավարտից հետո հետազոտությունների արդյունքները կներկայացվեն պետական մարմիններին։ Հետագա քայլերը կախված կլինեն կառավարության որոշումներից, ներդրողների հետաքրքրվածությունից և համաշխարհային շուկայում տիրող իրավիճակից։

Անշուշտ, երկրաբանական հետազոտություններից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրության անցնող ուղին երկար է ու բարդ։ Սակայն բարձր ավելացված արժեքով արտադրանքի թողարկումը թույլ է տալիս ստանալ անհամեմատ մեծ տնտեսական էֆեկտ, քան հումքի արտահանումը, ինչպես նաև նպաստում է երկրի տեխնոլոգիական զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը։

Source: https://news.am/hy/news/1041383