Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը հունիսի 8-ին Իրանին և Իսրայելին կոչ է արել հանդարտություն պահպանել միմյանց հասցրած հարվածներից հետո։

«Գիշերը մենք ականատես եղանք իրավիճակի հերթական էսկալացիային։ Կարծում եմ՝ տարածաշրջանին էսկալացիա պետք չէ, կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և համաձայնության գան»,- հայտարարել է Կալասը Կիպրոսում ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։

Խոսելով ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների մասին՝ Կալասը հայտարարել է, որ կողմերը պետք է հասնեն հարցի դիվանագիտական կարգավորմանը։ «Մենք կապի մեջ ենք երկու կողմերի հետ էլ՝ նրանց փոխանցելու համար, որ հրադադարն այժմ չափազանց կարևոր է։ Այսինքն՝ տվյալ պահին անհրաժեշտ է դադարեցնել պատերազմը, բացել Հորմուզի նեղուցը, իսկ այնուհետև այդ ժամանակն օգտագործել երկարաժամկետ բանակցությունների համար այնպիսի բարդ հարցերի շուրջ, ինչպիսիք են միջուկային խնդիրը, ինչպես նաև այլ կարևոր թեմաներ։ Սակայն մեր հնարավորությունները սահմանափակ են, ուստի մենք փորձում ենք ըստ ամենայնի տեղ հասցնել այս ուղերձները»,- ասել է Կալասը։

Իսրայելն ու Իրանը վերսկսել են ռազմական գործողությունները հունիսի 7-ին՝ առաջին անգամ ապրիլին ձեռք բերված հրադադարի համաձայնագրից հետո։ Այս ամենի պատճառը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում իրանամետ «Հեզբոլլահ» շարժման անդամների ուղղությամբ Իսրայելի հասցրած հարվածներն են, որոնք պաշտոնական Թեհրանը չի թողել անպատասխան։

Source: https://news.am/hy/news/1041957