Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային Մինաբի դպրոցի և Լամերդի բնակելի թաղամասի վրա հասցված հարվածն անվանել է ակնհայտ ռազմական հանցագործություն և հայտարարել, որ Թեհրանը մտադիր է օգտագործել բոլոր միջազգային և իրավական մեխանիզմները՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, հաղորդում է Mehr-ը։

Պատերազմի հետևանքով զոհված երեխաների հիշատակի արարողության ժամանակ ելույթ ունենալով՝ Բաղային հայտարարել է, որ երեխաների սպանությունները ագրեսիայի գիտակցված տարր էին։ Ըստ նրա, վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած երկու զինված հակամարտությունների ընթացքում հարվածների են ենթարկվել դպրոցներ, հիվանդանոցներ և այլ օբյեկտներ, որոնք միջազգային իրավունքը դասում է պաշտպանված գոտիների շարքին։

ԱԳՆ ներկայացուցիչը շեշտել է, որ պատասխանատվություն պետք է կրեն ինչպես ռազմական հրամանատարները, այնպես էլ քաղաքական ղեկավարները, որոնք առնչություն ունեն հարձակումների պլանավորմանը, հրամաններ տալուն և իրականացմանը։

Նա հավելել է, որ Իրանը արդեն համապատասխան նյութերն ու փաստաթղթերը փոխանցել է ՄԱԿ-ին, իրավապաշտպան կառույցներին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։

Բաղային նաև հայտնել է, որ Լամերդի բնակելի թաղամասը, ներառյալ մարզադահլիճը, խոցվել է ամերիկյան չորս բարձր ճշգրտության հրթիռներով։ Ըստ նրա, զոհվել է 24 մարդ, այդ թվում՝ երկու տարեկան մի աղջիկ և մի քանի դեռահաս վոլեյբոլիստներ, ևս ավելի քան 130 մարդ վիրավորվել է։

Իրանական կողմի տվյալներով, հրթիռները պայթել են օդում և մեծ արագությամբ ցրել ավելի քան 180 հազար վոլֆրամե խոցող տարրեր։

Source: https://news.am/hy/news/1041754