Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ տարածաշրջանում չի կարող հաստատվել որևէ կայուն անդորր՝ առանց Լիբանանի օկուպացված տարածքներից իսրայելական ուժերի դուրսբերման, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը:

Լիբանանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետնապատկերին հրապարակված հայտարարության մեջ ԻՀՊԿ-ն պնդում է, որ երկիրը նախկինի պես Իսրայելի կողմից ենթարկվում է «դաժան հարձակումների», իսկ միջազգային դատապարտումներն ու դիվանագիտական ճնշումներն, իրենց գնահատմամբ, չեն ազդում իսրայելական ղեկավարության գործողությունների վրա։ Հայտարարության մեջ քննադատություն է հնչել նաև ԱՄՆ-ի հասցեին, որին ԻՀՊԿ-ն մեղադրել է այնպիսի նախաձեռնություններին աջակցելու համար, որոնք «չեն հանգեցնում բռնության դադարեցմանը»։

ԻՀՊԿ-ն ընդգծում է, որ իսրայելական բանակը ռազմական անհաջողությունները փոխհատուցում է քաղաքացիական ենթակառուցվածքներին, դրանց թվում՝ բնակելի թաղամասերին, հիվանդանոցներին ու դպրոցներին հասցվող հարվածներով, և Իսրայելը բնութագրում է որպես մի ռեժիմ, որը գործում է ԱՄՆ-ի և մի շարք եվրոպական երկրների աջակցությամբ։

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ Լիբանանի ժողովուրդը թույլ չի տա այնպիսի համաձայնագրերի պարտադրում, որոնք, ԻՀՊԿ վարկածով, ամրագրում են ռազմական ճնշման արդյունքները։ Ընդգծվում է, որ ցանկացած հրադադարի պայման պետք է դառնա հարձակումների դադարեցումը, իսրայելական ուժերի դուրսբերումը միջազգայնորեն ճանաչված սահմաններից այն կողմ և Լիբանանի տարածքային ամբողջականության ճանաչումը։

ԻՀՊԿ-ն հայտարարում է Լիբանանին աջակցելու մասին և այն անվանում «տարածաշրջանի ժողովուրդների պատվի խորհրդանիշ»՝ շեշտելով, որ առանց այդ պայմանների կատարման՝ տարածաշրջանում կայուն անդորրն անհնար է։

Source: https://news.am/hy/news/1040946