«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ արված հայտարարություններին։ Դաշինքում պնդում են, որ գործող իշխանության ղեկավարի գնահատականներն ու քաղաքական հայտարարությունները հնչել են այն պայմաններում, երբ ընտրությունների պաշտոնական արդյունքների ամփոփման գործընթացը դեռևս ավարտված չէ։

Հայտարարության համաձայն՝ «այս պահին «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը և մեր վստահված անձինք ողջ հանրապետությունում զբաղված են ընտրատեղամասերից ստացվող տվյալների ամփոփմամբ։

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս պահի դրությամբ ամփոփել է ընտրատեղամասերի միայն մեկ քառորդի (25%-ի) արդյունքները։

Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման, ԿԸՀ-ն փոխարինելու և նրա գործունեության նկատմամբ կոպիտ միջամտություն իրականացնելու հանցավոր քայլի։

Առանց վերջնական արդյունքների՝ դատական համակարգին և պետական ատյաններին հրահանգավորելու և սպառնալու փոխարեն, գործող վարչախումբը դեռ պետք է իրավական պատասխան տա այս ընթացքում արձանագրված բոլոր ընտրախախտումների, վարչական ռեսուրսի կոպիտ կիրառման և քաղաքացիների կամարտահայտման վրա գործադրված բռնաճնշումների համար։

Ընտրությունների վերջնարդյունքների, մեր հետագա քայլերի և անելիքների մասին հանրությանը կտեղեկացնենք պաշտոնական և ամբողջական տվյալներն ամփոփելուց հետո»:

Source: https://news.am/hy/news/1041879