Եվրոպացի առաջնորդները G7-ի գագաթնաժողովի ժամանակ ցանկանում են ստանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ սկսելու իրենց ծրագրերն իրագործելու համար։ Այդ բանակցությունները, որոնց կմասնակցեն Ռուսաստանի, Ուկրաինայի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները, կարող են կայանալ արդեն հուլիսին։ Այս մասին հայտնում է «Bloomberg» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Եվրոպացի առաջնորդները մտադիր են հաջորդ շաբաթ Ֆրանսիայում կայանալիք G7-ի գագաթնաժողովում Դոնալդ Թրամփի հետ հանդիպումներն օգտագործել ԱՄՆ նախագահի աջակցությունը ստանալու համար, որպեսզի առաջ մղեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության նոր բանակցությունները»,- նշված է հրապարակման մեջ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ եվրոպացի առաջնորդները ցանկանում են, որ Թրամփը հավանություն տա իրենց առաջարկներին, ինչը, նրանց կարծիքով, «կստիպի Ռուսաստանին նստել բանակցությունների սեղանի շուրջ»՝ Եվրոպայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ միասին։ Ըստ աղբյուրի՝ եվրոպական կողմը կարծում է, որ նման բանակցությունները կարող են մեկնարկել արդեն հուլիսին։

Source: https://news.am/hy/news/1042714