Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահը կոչ է արել ԵՄ երկրներին և անդամակցության թեկնածու երկրներին ուժեղացնել Եվրամիության ընդլայնման քարոզչությունը բնակչության շրջանում։ Այս մասին նա հայտնել է Չեռնոգորիայում ԵՄ - Արևմտյան Բալկաններ գագաթաժողովից առաջ, նրա ելույթը հեռարձակել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։

«Թեկնածու երկրները պետք է մեծացնեն ջանքերը՝ իրենց քաղաքացիներին բացատրելու ԵՄ-ին անդամակցության բոլոր առավելությունները։ ԵՄ երկրները նույնպես պետք է ավելի ակտիվ բացատրեն բնակչությանը ընդլայնման օգուտները, ինչը նշանակում է ավելի շատ անվտանգություն, ավելի մեծ բարեկեցություն և Եվրոպայի ավելի մեծ ազդեցություն աշխարհում», - հայտարարել է ԵՀ նախագահը։

Ֆոն դեր Լյայենը Արևմտյան Բալկանների պետություններին խոստացել է եվրոպական ֆինանսավորման նոր տրանշ՝ ավելի քան կես միլիարդ եվրոյի չափով, և հանդես է եկել նրանց ԵՄ-ին անդամակցության գործընթացի արագացման օգտին։

Նա «հետաքրքիր» է անվանել Գերմանիայի, Ֆրանսիայի, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի առաջարկը՝ պարզեցնել ԵՄ նոր երկրների ընդունման գործընթացը, ներառյալ նրանց փուլային միացման հնարավորությունը Եվրամիության կառույցներին։ «Սա շատ հետաքրքիր առաջարկ է, մենք այն կքննարկենք», - ասել է Ֆոն դեր Լյայենը։

Source: https://news.am/hy/news/1041167