Ֆիլիպինների հարավային ափերի մոտ տեղի ունեցած 7,8 մագնիտուդով հզոր երկրաշարժի հետևանքով (վերջին տվյալներով) 12 մարդ է զոհվել, ավելի քան 200-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։

Մինդանաո կղզու հյուսիսային և կենտրոնական հատվածներում առնվազն 37 շենք է վնասվել, այդ թվում՝ դպրոցներ, հիվանդանոցներ և բնակելի տներ։ Տուժած շրջաններում շարունակվում է վնասների չափի գնահատումը, իսկ ոստիկանության աշխատակիցները ներգրավված են բնակչությանը օգնություն ցուցաբերելու գործում։

Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերը կարգադրել է ժամանակավորապես դադարեցնել Մինդանաոյի մի շարք շրջանների ուսումնական հաստատություններում անցկացվող դասերը։

Ստորգետնյա ցնցումների հետևանքով շենքեր են փլուզվել Խեներալ Սանտոսում, կղզու որոշ հատվածներում էլ խափանվել է էլեկտրամատակարարումը։

Հզոր երկրաշարժը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ տեղական ժամանակով 07:38-ին, Ֆիլիպինների Մինդանաո կղզու ափերի մոտ: Եվրոպացի սեյսմոլոգների տվյալներով՝ մագնիտուդը սկզբում կազմել է 8,1, սակայն ավելի ուշ վերանայվել ու դարձել է 7,8։ Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը նախապես հայտնել էր 8,2 մագնիտուդի մասին, ապա ճշգրտել այն մինչև 7,9-ի: Ֆիլիպինների հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը ցունամիի վտանգ է հայտարարել։

Euronews-ը կիսվել է երկրաշարժի վերաբերյալ տեսանյութերի կադրերով։

Source: https://news.am/hy/news/1041913