Եվրամիությունը չի խստացնում Իսրայելի դեմ պատժամիջոցները, քանի որ այս հարցում չկա միասնական դիրքորոշում։ Այս մասին իռլանդական RTE հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
«Մենք միասնական չենք։ Ես անընդհատ լսում եմ. «Ինչո՞ւ Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում ունեք միասնական դիրքորոշում, իսկ Իսրայելի դեպքում՝ ոչ»։ Պատճառը պատմական է. կան երկրներ, որոնք իրավիճակին տարբեր կերպ են նայում, և ընդհանուր հայտարարի գալն աննախադեպ ծանր է»,- ասել է նա։
Որպես պատժամիջոցների խստացմանը կողմ արտահայտվող երկրների օրինակ՝ հարցազրույց վարողը նշել է Իռլանդիան, Իսպանիան և Սլովենիան։ Ի պատասխան՝ Կալասը հայտարարել է, որ կան նաև այլ պետություններ, որոնք նույնպես որդեգրել են այդ դիրքորոշումը, և կան «ավելի շատ երկրներ, որոնք ավելին են պահանջում»։ Եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ շուտով Եվրահանձնաժողովը նոր միջոցներ կառաջարկի Իսրայելի դեմ, սակայն, իր կարծիքով, «դրանք դժվար թե ընդունվեն»։ Լրագրողի այն հարցին, թե արդյոք այս իրավիճակը չի թուլացնում Եվրամիությունը, պաշտոնյան պատասխանել է, որ «դա հիասթափեցնող է»։
Մայիսին Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վեվերը կարծիք էր հայտնել, որ ԵՄ-ն երբեք պատժամիջոցներ չի կիրառի Իսրայելի դեմ։ Բելգիան սովորաբար ձեռնպահ է մնում ԵՄ խորհրդում ռազմական հանցագործությունների համար Իսրայելի դեմ պատժամիջոցների շուրջ քննարկումների ակտիվ մասնակցությունից։ Բելգիական լրատվամիջոցների գնահատմամբ՝ այս երկիրն այն ԵՄ անդամների թվում է, որոնք տապալում են Իսրայելի դեմ պատժամիջոցների սահմանումը։
Source: https://news.am/hy/news/1042458