Գերմանական Դորտմունդ քաղաքում ռեստորանի հաճախորդների վրա հարձակված, իսկ այնուհետև իր երեք երեխաներին պատանդ վերցրած տղամարդը հանձնվել է ոստիկանությանը։ Այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը։

Երեքշաբթի օրը թերթը գրել էր, որ տղամարդը Դորտմունդի ռեստորաններից մեկում հարձակվել է մարդկանց վրա, ինչից հետո փախուստի է դիմել, թաքնվել Հեխստեն թաղամասի բնակելի շենքերից մեկում և պատանդ վերցրել իր երկու երեխաներին։ Ավելի ուշ պարզվել է, որ պատանդների թվում իրականում նրա երեք դուստրերն են եղել։

«Երեքշաբթի երեկոյան ոստիկանի վրա կրակած և Դորտմունդի Հեխստեն թաղամասի բնակարաններից մեկում իր երեք երեխաների հետ ամրացած տղամարդը վաղ առավոտյան հանձնվել է իրավապահներին», — գրում է թերթը։

Bild-ի տեղեկություններով՝ աղջիկների վիճակը լավ է։ Դեպքից հետո իրավապահները նրանց վերցրել են իրենց հոգածության ներքո։

Source: https://news.am/hy/news/1040456