Հունիսի 6-ին Երևանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության առաջատար հետազոտողներից մեկի՝ ֆրանսահայ աշխարհահռչակ պատմաբան Ռայմոն Գևորգյանի «Ցեղասպանության ավարտը։ Մուսթաֆա Քեմալը և փրկված հայերի ու հույների ոչնչացումը (1918-1922)» գրքի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը։ 2023 թվականին բնօրինակով լույս տեսած գիրքը նվիրված է Հայոց ցեղասպանության պատմության ամենաքիչ ուսումնասիրված շրջաններից մեկին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից և Օսմանյան կայսրության պաշտոնական պարտությունից հետո տեղի ունեցած իրադարձություններին։

Շնորհանդեսն անցկացվեց գործարար Արթուր Սողոմոնյանի, «Նարեկացի» ինստիտուտի, ԱՆԻՎ հայագիտական հետազոտությունների զարգացման հիմնադրամի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ։

Բացման խոսքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ներկայացուցիչները հատկապես ընդգծեցին Ռայմոն Գևորգյանի ներդրումը հայ ցեղասպանագիտության զարգացման գործում։ Նշվեց, որ հենց նա է կանգնած եղել Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ժամանակակից հայկական դպրոցի ձևավորման ակունքներում, նպաստել արտասահմանյան մասնագետների ներգրավմանը, միջազգային գիտական կապերի զարգացմանը և հետազոտողների նոր սերնդի պատրաստմանը։

Ներկայացնելով գիրքը՝ հեղինակը պատմեց, որ նոր աշխատությունը դարձել է խոշոր հետազոտական շրջափուլի տրամաբանական ավարտը, որի վրա նա աշխատել է գրեթե երեսուն տարի։ Պատմաբանի խոսքով՝ յուրաքանչյուր ժողովուրդ պետք է ուսումնասիրի իր պատմությունը ոչ թե քաղաքական հայացքների պրիզմայով, այլ պատմական գիտության դիրքերից, որպեսզի անցյալից կարևոր դասեր քաղի։ Նոր գրքում նա ձգտել է հետևել, թե որքանով է երիտթուրքերի քաղաքականությունը շարունակություն ստացել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո քեմալական շարժման կայացման շրջանում, ինչպես նաև ցույց տալ ցեղասպանությունը վերապրած և հետագայում հայրենիքը ստիպված լքած հայերի ու հույների ճակատագիրը։

Գևորգյանը պատմեց, որ հետազոտության վրա աշխատել է մոտ հինգ տարի, այն հնարավոր է դարձել բրիտանական և ֆրանսիական արխիվների հասանելիության շնորհիվ։ Գրքի հիմքում ընկած են դիվանագիտական փաստաթղթեր, հետախուզական ամփոփագրեր և բազմաթիվ զեկույցներ, որոնք հնարավորություն են տվել վերականգնել հետապնդումների, բնակչության զանգվածային արտագաղթի և հետպատերազմյան առաջին տարիներին հայկական սփյուռքի ձևավորման հանգամանքները։

Հանդիպման մասնակիցները նշեցին, որ ռուսերեն հրատարակության լույսընծայումը թույլ կտա բազմամյա հետազոտության արդյունքները հասանելի դարձնել ավելի լայն լսարանին և կնպաստի Հայոց ցեղասպանության պատմության հետագա ուսումնասիրությանը։

Source: https://news.am/hy/news/1041437