Գերմանիայի արդարադատության նախարար Շթեֆանի Հուբիգը հանդես է եկել սեռական հանցագործությունների մասին օրենսդրության բարեփոխման և «Միայն այոն է նշանակում այո» սկզբունքի ներդրման օգտին, հաղորդել է Tagesschau-ն։

Լյուքսեմբուրգում ելույթ ունենալով՝ Հուբիգը հայտնել է, որ աջակցում է այնպիսի մոդելի անցմանը, որի դեպքում սեռական գործողությունները կդիտվեն օրինական միայն բոլոր մասնակիցների հստակ և կամավոր համաձայնության առկայության դեպքում։

«Անձամբ ես կողմ եմ, որ Գերմանիան կատարի այս հետևողական քայլը և «Այոն նշանակում է այո» սկզբունքն ամրագրի քրեական իրավունքում», — ընդգծել է նախարարը։ Նրա խոսքով՝ այս հարցը պետք է դառնա կառավարող կոալիցիայի քննարկման առարկա։

Ներկայում Գերմանիայում գործում է «Ոչը նշանակում է ոչ» սկզբունքը, որը ներդրվել է 2016 թվականին օրենսդրական բարեփոխման ընթացքում։ Գործող նորմերի համաձայն՝ սեռական շփումը համարվում է հանցագործություն, եթե մարդը բանավոր կամ այլ կերպ արտահայտել է իր հրաժարումը։

Առաջարկվող մոդելը ենթադրում է ավելի խիստ մոտեցում․ համաձայնությունը պետք է արտահայտվի հստակ, իսկ բոլոր մասնակիցները պետք է գտնվեն այնպիսի վիճակում, որը թույլ է տալիս գիտակցաբար տալ համաձայնությունը։

Նման համակարգ արդեն գործում է եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում՝ Շվեդիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում։ 2026 թվականի ապրիլին Եվրոպական խորհրդարանը նույնպես աջակցել է ԵՄ երկրների համար բռնաբարության միասնական սահմանման գաղափարին, որը հիմնված է համաձայնության սկզբունքի վրա։

Հուբիգը նշել է, որ կառավարությունն արդեն համաձայնության է հասել անչափահասների նկատմամբ «Այոն նշանակում է այո» սկզբունքի կիրառման հարցում։ Այժմ, նրա կարծիքով, պետք է քննարկել այս նորմը սեռական հանցագործությունների վերաբերյալ ամբողջ քրեական օրենսդրության վրա տարածելու հնարավորությունը։

Նախարարն ընդգծել է, որ նախաձեռնության նպատակը բռնության զոհերի լրացուցիչ պաշտպանությունն ապահովելն է և ավելի հստակ իրավական կանոններ սահմանելը։

Հատկանշական է, որ դեռ այս տարվա ապրիլին Հուբիգը Բունդեսթագում հայտարարել էր, թե մոտ ապագայում չի պատրաստվում հասնել համաձայնության սկզբունքի ներդրմանը՝ նշելով, որ գործող «Ոչը նշանակում է ոչ» մոդելը գործնականում լավ է աշխատում։

Source: https://news.am/hy/news/1041439