Բոլոր տեղամասերում ունենք ոստիկանության ծառայություններ: Ընդհանուր առմամբ տեղամասեր է գործուղվել ոստիկանության 5239 ծառայող: Կազմվել են նաև օպերատիվ խմբեր, պարեկային խմբեր հանրապետության ամբողջ տարածքում հասարակական կարգը պահպանելու և ծառայություն իրականացնելու համար: Այս մասին ԿԸՀ-ում ասուլիսի ժամանակ ասաց ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության քրեաբանական վերլուծության և իրավապահ համագործակցության վարչության պետ Վաչե Հովսեփյանը:

Նա հիշեցրեց՝ ՆԳՆ-ում գործում է թեժ գիծ՝ 8767 հեռախոսահամարով, որին մինչ այս պահը ստացվել է 44 ահազանգ, ապա ներկայացրեց ընտրական գործընթացի շրջանակում արձանագրված դեպքերը:

«Արձանագրվել է կրկնաքվեարկության 2 դեպք, կազմվել են համապատասխան հաղորդումներ և ուղարկվել Քննչական կոմիտե: Եվս 53 դեպք ստուգման փուլում է»,- ասել է նա:

Բացի այդ նշվել է, որ ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք է ստացել 615 անձ։

Ընտրություններին մասնակցելու համար համայնքներում ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 662 անձ։

Source: https://news.am/hy/news/1041601