ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է զգալիորեն ընդլայնել Իսրայելի հետ օպերատիվ հետախուզական տվյալների փոխանակումը։ Այս մասին հունիսի 10-ին հայտնում է «The Independent» պարբերականը։
«ԱՄՆ-ն առաջ է մղում մի օրինագիծ, որը էապես ընդլայնում է Իսրայելի հետ պաշտպանական և հետախուզական ոլորտներում տեղեկատվության փոխանակումը՝ ստվերում թողնելով անգլախոս երկրների «Հնգյակի աչքեր» (Five Eyes) լրտեսական դաշինքը», — նշված է հրապարակման մեջ։
Այս օրենքի դրույթներից մեկով նախատեսվում է էլ ավելի խորացնել երկու երկրների հատուկ ծառայությունների միջև առկա սերտ կապերը։ Սա Իսրայելին հնարավորություն կտա հասանելիություն ստանալ ԱՄՆ հետախուզական համայնքում պահվող ամենագաղտնի տվյալներին։
Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն հանդիսանում է «Հնգյակի աչքեր» հետախուզական դաշինքի անդամ (որի մեջ մտնում են նաև Ավստրալիան, Կանադան, Նոր Զելանդիան և Մեծ Բրիտանիան)՝ Իսրայելը հնարավորություն կունենա տեղեկություններ ստանալ նաև այս երկրների հատուկ ծառայություններից։
«The Independent»-ը նշում է, որ այսպիսով՝ ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից ստացվող կարևորագույն հետախուզական տվյալները հասանելի կդառնան իսրայելական հատուկ ծառայություններին՝ իրենց նպատակներով օգտագործելու համար։
Source: https://news.am/hy/news/1042437