Երեք սցենարին էլ մենք պատրաստ ենք, բայց ակնկալիքները բավականին դրական են, ես կարծում եմ, որ շատ մեծ հնարավորություն կա լուրջ հաջողություն արձանագրելու, որը կլինի նաև Հայաստանի հաջողությունը և հայ ժողովրդի հաջողությունը։ Այս մասին այսօր՝ հունիսի 7–ին, քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի Շնորհապետական կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը։ Խոսելով սցենարների մասին, նա ասաց. «Սցենարները երեքն են, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը չի ստեղծվել կարճաժամկետ, որ ինչ-որ շռնդալից հաջողությամբ գա և հաջողության չգալու պարագայում իր ակտուալությունը կորցնի։ Նման բան չկա, մենք թե արտախորհրդարանական կարգավիճակում կարող ենք աշխատել, թե խորհրդարան անցնելու պարագայում՝ ոչ առաջին դիրքերում և թե հաղթանակի ենք մենք պատրաստ։ Երեք սցենարներն էլ մեր պարագայում հնարավոր են»։

Նա հայտարարեց, որ քվեարկել է հանուն կայուն ապագայի, հանուն հավասարակշռված խաղաղության, հանուն արժանապատիվ առօրյայի և կենցաղի։

«Շատ մեծ են իրականում մեր շանսերը՝ 50%–ից ավելին, իմ գնահատմամբ 70%, եթե ոչ էլ ավելի։

Համագործակցության առումով մենք արդեն հայտարարել ենք, որ նախկին երեք նախագահների և ներկայիս վարչապետի քաղաքական ուժերի և նրանց սպասարկող արբանյակ քաղաքական գործիչների և ուժերի հետ համագործակցությունը կոալիցիայի առումով բացառվում է։ Բայց ենթադրենք, եթե կբերվի օրինագիծ, որը մեր ծրագրին համահունչ է, ապա ինչու ոչ, կարելի է քվեարկել այդ օրինագծին կողմ, բայց կոալիցիա կազմելը բացառվում է»։

Թե որն է այդ մաքուր ուժը, կուսակցության վարչապետի թեկնածուն նշեց, որ այդ փաստը դեռ պետք է անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժն ապացուցի։

Source: https://news.am/hy/news/1041580