Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի․ սա երկրի և ժողովրդավարության անվտանգության հարց է։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գործադիր մարմնի անդամների հետ քննարկեցինք առաջիկա ծրագրերն ու քայլերը»,- գրել է նա և տեղադրել անցկացված խորհրդակցության տեսանյութը։
Փաշինյանը շնորհավորել է թիմակիցներին և նշել. «Հայաստանում քազղաքական պրոցեսները 180 աստիճան շրջվել են, երբ կառվարող ուժը և կառավարությունը ընտրությունների ազատ ու արդար անցկացման ջատագով է, իսկ ընդդիմությունը որպես գործիք հիմնականում ունի ընտրությունների արդյունքները կեղծելը, և կեղծիքների մեխանիզմներ օգտագործելը։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ մարմիններին, որովհետեւ ես չեմ հիշում, որ մենք այս մասշտաբի պայքար ունեցած լինենք ընտրակաշառքների դեմ։ Սա ցույց է տալիս երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետությունը»։
Նա իր մտահոգությունը հայտնեց, որ Հայաստանում կան հանցագործության տեսակներ, որոնց նկատմամբ որոշակի հանդուրժողականության մթնոլորտ կա ձևավորված. «Մի ուղղությունը ընտանեկան բռնություններն են, մյուսը՝ ընտրակաշառքները։ Ասում են՝ դե լավ, ընտրությունները ավարտվեցին, հետևաբար ընտրակաշառք տողներն ու ստացողները կարող են գնալ իրենց գործերին։ Ես կարծում եմ, որ այս պրակտիկան պետք է արմատապես փոխվի։ Այս ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալու կամ վերցնելու մեջ բռնված ցանկացած ոք մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփումը պետք է անցկացնի բանտում։
Եթե դրա համար պետք են օրենսդրական փոփոխություններ, դրանք պետք է հիմա անհապաղ անել։ Բայց ես չեմ կարծում, որ պետք են փոփոխություններ։ Ես հստակ պահանջում եմ, որ նրանք, որոնք ընտրակաշառք վերցնելու կամ տալու մեջ բռնվել են, առնվազն մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների պաշտոնական արդյունքների ամփոփման օրը պետք է լինեն բանտում։ Սա երկրի անվտանգության հարց է, հետո պետք չի խղճահարության տեսարաններ սարքել»։
Source: https://news.am/hy/news/1042280