Մանդատ վերցնել, չվերցնելը կախված է ընդդիմության մարտավարությունից. ցանկացած պարագայում ընդդիմությունն առնվազն կարճաժամկետ և միջնաժամկետ ստրատեգիա պետք է ունենա՝ վերցնում և մտնում է խորհրդարան, ապա ինչո՞ւ, իսկ եթե չի վերցնում՝ ինչո՞ւ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Վիգեն Հակոբյանը նախևառաջ անդրադարձավ թե՛ նախընտրական քարոզարշավի ընթացքին, թե՛ բուն ընտրություններին. «Ընտրություններն անցել են աննախադեպ վարչական ռեսուրսի օգտագործման, աննախադեպ ուժային ռեպրեսիաների, երբեմն ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ ուղղակի շանտաժի, եթե կարելի է ասել, նույնիսկ ուժային տեռորի պայմաններում, այդ թվում նաև քվեարկության օրը։ Մենք տեսնում էինք, որ ամբողջ ընտրական գործընթացում անընդհատ հնչում էին իշխանության ներկայացուցիչների և իշխանության ղեկավարի շուրթերից ուղղակի սպառնալիքներ ընդդիմության հանդեպ, ձերբակալվում էին և երբեմն կալանավորվում էին ամենաառանցքային դեմքերը, այդ թվում՝ պատգամավորների թեկնածուները, իսկ բուն քվեարկության օրը մենք տեսանք, որ տեղի են ունենում բազմաթիվ ընտրախախտումներ, որոնք արձանագրվել են սկսած հանրահայր կարուսելի տեխնոլոգիայից վերջացրած, որ մինչև ժամը 00-ը բանակը դեռ քվեարկում էր։

Ընդամենը 10% քվեաթերթիկների հաշվելուց հետո վարչապետը հայտարարում է, որ իր իշխանությունը, իր քաղաքական ուժը հաղթել է արդեն և միանձնյայն գլխավորելու է, հետո հիշում եք թե ինչ եղավ. դադարեցվեց ընդհանրապես ԿԸՀ հեռարձակումը Երևանի հաշվարկների դեպքում, իսկ հիմա էլ մենք տեսնում ենք որ հենց հարց դրվեց վերահաշվարկի միանգամից պարզվեց որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փաստացի կեղծել է տեղամասերի պրոտոկոլների տվյալները։ 77 ձայն ստացած ԲՀԿ-ի տվյալը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրված է 1»։

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ ընտրությունների արդյունքներն արժանահավատ չեն, դրանց լեգիտիմությունը, ըստ նրա, կասկածի տակ է. «Հիմա քաղաքական հիմնական ուժերի, ովքեր որ մասնակցել են, հերթն է գնահատական տալու։ Տեսնում ենք, որ մի շարք քաղաքական ուժեր ուղղակիորեն ոչ լեգիտիմ են համարել այս ընտրությունները, ես կարծում եմ, որ այս գործընթացը շարունակվելու է»։

անդրադառնալով ընտրություններից հետո ամենաշատ քննարկվող՝ ընդդիության «մանդատ վերցնել կամ չվերցնելուն», Վիգեն Հակոբյանն ասաց, որ մանդատ վերցնել, չվերցնելը կախված է ընդդիմության մարտավարությունից.

«Ցանկացած պարագայում ընդդիմությունը առնվազն կարճաժամկետ և միջնաժամկետ ստրատեգիա պետք է ունենա՝ վերցնում և մտնում ես, ապա ինչո՞ւ, իսկ եթե չես վերցնում՝ ինչո՞ւ։ Ես կարծում եմ՝ դեռևս դրա մասին շուտ է խոսելն այն առումով, որ դեռևս պարզ չէ ԲՀԿ-ն անցնում է, թե՝ ոչ, որովհետև դա փոխում է ընդհանրապես ընդիմադիր պայքարի նաև տրամաբանությունը։ Հայտնի է, որ եթե ԲՀԿ-ն անցնում է, ապա իշխանությունը ունենում է ընդամենը 61 մանդատ, որը թույլ չի տալիս ոչ միայն սահմանադրական մեծամասնություն ունենալ խորհրդարանում, այլ նաև երեք հինգերորդ չունենալ, այսինքն՝ ընդհանրապես զուտ պարզ մեծամասնություն է ունենում ՔՊ-ն։ Իհարկե, բավականին հրապուրիչ է, երբ ասում ենք, ասում ենք՝ ճիշտ կլինի, որ մանդատ չվերցվի և այլն, բայց եթե դու մանդատ չես վերցնում, ուրեմն նաև պետք է հայտարարես, թե դա այդ պարագայում առհասարակ ինչ ես անում։ Այո, քաղաքական ճգնաժամ առաջանում է, բայց ես կարծում եմ՝ քաղաքական ճգնաժամ առաջանում է նաև, եթե մտնում ես խորհրդարան և միաժամանակ օրինակ՝ փողոցն ակտիվացնում ես, այսինքն՝ զուգահեռաբար մանդատներ վերցնելով նաև փողոցում ես ակտիվ գործունեություն անում»։

Հակոբյանը տեխնիկական առումով անիրատեսական էհամարում, որ բոլոր 600 պատգամավորի թեկնածուներն էլ կհրաժարվեն մանդատից. «Ընդհանուր առմամբ երեք ֆրակցիան ունեն մոտավորապես 600-650 պատգամավորական ցուցակ. Այսինքն՝ իշխանությունը բավականին լուրջ ճնշումներ կարող է բան անել կոմպրոմատային և այլն։ Եթե նույնիսկ ամենահայտնի, ամենաամուր, ամենանվիրված մարդիկ մանդատներն իսկապես հանձնեն, այնուամենայնիվ կգտնվեն մի քանի հոգի ամեն առիթի որոնք նույնիսկ թիրախավորվելու վտանգ ունեն։ Մենք տեսել ենք չէ իշխանությունն ինչպես է ինչ ճնշումներ գործ գործադրում, այդ թվում՝ նաև բավականին հայտնի մարդկանց վրա, ընդհուպ մինչև կալանավորումներ, ձերբակալումներ, ընտանիքի վրա ճնշումներ և այլն։

Ես կարծում եմ, որ իշխանությանը շատ հեշտ կլինի գտնել այն մարդկանց յուրաքանչյուր ցուցակից, որոնք կհամաձայնվեն գալ և պատգամավոր լինել, ընդ որում հենց այդ կուսակցությունների անվան տակ»։

Source: https://news.am/hy/news/1042403