Լեհաստանը պետք է ներգրավված լինի Ուկրաինայում պատերազմի ավարտին ուղղված քննարկումներում, երեքշաբթի հայտարարել է Լեհաստանի վարչապետը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները Լոնդոնում հանդիպել են նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ և հայտարարել հրադադարի շուրջ բանակցություններին աջակցելու մասին, հաղորդում է Reuters-ը։
Վարչապետ Դոնալդ Տուսկի բացակայությունը լոնդոնյան բանակցություններից Վարշավայում հարցեր է առաջացրել. արդյոք Լեհաստանին չե՞ն մղում երկրորդ պլան, մինչդեռ արևմտաեվրոպական տերությունները փորձում են Կիևին ուղղորդել դեպի մոտ ապագայում Մոսկվայի հետ բանակցությունների։
«Ես շատ զգուշորեն եմ վերաբերվում Արևմտյան Եվրոպայում հայտնվող այն գաղափարներին, որոնք միտված են հնարավորինս արագ Ուկրաինայի վերաբերյալ ինչ-որ երկխոսություն կամ խոսակցություն նախաձեռնել [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի հետ»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Տուսկը։
Տուսկը նաև դժգոհություն է հայտնել E3 ձևաչափից, որը ներառում է Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, սակայն բացառում է Ուկրաինայի եվրոպական մյուս դաշնակիցներին։
«Ես խոսել եմ Իտալիայիվարչապետ Մելոնիի հետ, որը նույնպես հիացած չէ այս ձևաչափի գոյությամբ,- նշել է Տուսկը։- Ցանկացած պայմանավորվածություն, որին Լեհաստանը չի մասնակցում, Լեհաստանի համար պարտադիր ուժ չի ունենա»։
Միևնույն ժամանակ, Տուսկը հավելել է, որ «առաջիկա օրերին» տեղի կունենա հանդիպում Ուկրաինայի հարցով, որին Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և Ֆրանսիայից բացի կմասնակցեն նաև Լեհաստանն ու Իտալիան։
Կիրակի հրապարակված համատեղ հայտարարության մեջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բարձր են գնահատել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Զելենսկու կոչը և ԱՄՆ-ի ու Եվրոպայի ակտիվ մասնակցությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ երկխոսության առաջարկը։
Source: https://news.am/hy/news/1042351