Դոնալդ Թրամփի թիմը բանակցություններ է վարում իրանական միջուկային ծրագրի կարգավորման շուրջ, որի պայմանները կարող են զգալիորեն ավելի խիստ լինել, քան այն սահմանափակումները, որոնք 2015 թվականին մտցրել էր Բարաք Օբամայի վարչակազմը՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ/JCPOA) շրջանակում։
Ինչպես գրում է The New York Times-ը, Վաշինգտոնը ձգտում է իրանական ուրանի հարստացման ծրագրի երկարաժամկետ կասեցմանը՝ 15-20 տարի ժամկետով, ինչպես նաև Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում տեղակայված առանցքային միջուկային օբյեկտների ապամոնտաժմանը։
Բացի դրանից, ԱՄՆ-ը պահանջում է, որ Իրանի ունեցած հարստացված ուրանի ամբողջ պաշարը միջազգային վերահսկողության ներքո նոսրացվի։ Ամերիկյան կողմը միաժամանակ պնդում է տեսուչներին իրավունք վերապահել՝ անակնկալ ստուգումներ իրականացնել ինչպես երկրի միջուկային, այնպես էլ ռազմական օբյեկտներում։
Ըստ առկա տվյալների՝ Թեհրանը փոխզիջման որոշակի պատրաստակամություն է ցուցաբերել, մասնավորապես՝ համաձայնել է քննարկել իր երկու խոշորագույն միջուկային օբյեկտների փակման հարցը, սակայն նախկինի պես կտրականապես դեմ է ուրանի հարստացման բոլոր հզորությունների աշխատանքի լիակատար դադարեցմանը։
Source: https://news.am/hy/news/1042407